Ութ տարի շարունակ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ին է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«8 տարի է` ես պատգամավոր եմ, դրանից առաջ չեմ կարող ասել: 8 տարվա մեջ Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել է ճանաչել Արցախի անկախությունը, մեզ off the records ասվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեմ են, որ ճանաչենք: Դրանից հետո այլ նախաձեռնություններ են քննարկվել, էլի նույն պատասխանն է տրվել»,- ասաց Մարուքյանը:


Պատգամավորը շեշտեց, որ նույն պատասխանն է եղել նաեւ ապրիլյան պատերազմից հետո ԱԺ ներկայացված այդ առաջարկին:

«Սեպտեմբերի 27-ին, ռազմական դրության հատուկ նիստի ժամանակ ես վարչապետին հարց եմ տվել, թե՝ պարոն վարչապետ, չէինք ճանաչում, քանի որ մենք վախենում էինք, որ պատերազմ կսկսվի, պատերազմը սկսվել է, կարող է հիմա ճանաչենք Արցախը: Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը հիմա ձեր առաջարկով մտավ քաղաքական օրակարգ: Դրամից հետո պատերազմի ժամանակ ինձ մի քանի քաղաքական ուժեր են դիմել, թե, եկեք ճանաչենք Արցախի անկախությունը: Ես կապվել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ինքն ասել է` լավ առաջարկ է, բայց կարող է հիմա խանգարենք պատերազմի պրոցեսին, եկեք դեռ սպասենք»,- պատմեց Մարուքյանը: