Նոյեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ անչափահաս մի աղջկանից փող են շորթել, հայտնում են ոստիկանությունից՝ նշելով, որ քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ մի երիտասարդ, այսպես ասած՝ կոտրել է աղջկա սոցկայքերից մեկի էջը, նրա լուսանկարները ֆոտոշոփ արել ու մերկ լուսանկարները չտարածելու համար փող պահանջել. նախնական տվյալներով՝ 300 հազար դրամ։ Գումարը մաս-մաս փոխանցելու շուրջ պայմանավորվել են։

Երիտասարդը աղջկան քարտային հաշվեհամար է հայտնել։ Նոյեմբերի 15-ին ու 21-ին աղջիկը փոխանցել է համապատասխանաբար՝ 17 հազար 100 ու 12 հազար 900 դրամ։ Ոստիկանության Մարտունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ կերպով պարզել են երիտասարդի ինքնությունը։

Ոստիկանները պարզել են նաև, որ աղջկան տրված քարտային հաշվեհամարը պատկանում է կասկածվողի ընկերոջը։ Վերջինս փողը ստացել ու փոխանցել է նրան։ Երիտասարդները հրավիրվել են ոստիկանության Մարտունու բաժին ու ներկայացվել տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է կատարվում։