Կիրգիզիայի Սահմանադրական խորհրդի անդամ Սադիրդին Տորալիեւը ներկայացրել է Կիրգիզիայում ռուսերենը պաշտոնական կարգավիճակից զրկելու նախաձեռնություն: Նախաձեռնությունն արդեն իսկ բավական սուր է ընկալվել Ռուսաստանում, որտեղ հիշեցրել են, որ այդ լեզվով են խոսում տասնյակ հազարավոր կիրգիզ միգրանտներ, որոնք հաց են վաստակում Ռուսաստանում:

Ակնարկն այն է, որ Բիշքեկի քայլին ի պատասխան Մոսկվան կարող է խնդիրներ հարուցել կիրգիզ աշխատանքային միգրանտների համար: Այստեղ սակայն հարց է, թե ինչպես է արվելու դա, եթե Կիրգիզիան ԵՏՄ անդամ է եւ Մոսկվան այդպիսով ստիպված կլինի հարվածել ԵՏՄ-ին:

Կիրգիզիայում շաբաթներ առաջ տեղի ունեցավ իշխանափոխություն, խորհրդարանի ընտրության արդյունքի վիճարկման առիթով: Բողոքը հանգեցրեց նախագահ Ժեենբեկովի հրաժարականին: Ռուսաստանը փորձեց քայլեր ձեռնարկել ԵՏՄ անդամ երկրում իրավիճակը կայունացնելու համար:

Հատկանշական է, որ Կիրգիզիայի ապակայունացման հերթական ալիքը ծավալվեց Արցախի դեմ պատերազմին զուգահեռ: Ավելին, ռուսական փորձագիտական հանրությունն այդ զուգորդումը դիտարկեց Ռուսաստանին ճնշման ենթարկելու լայն գործընթացի համատեքստում: Միեւնույն ժամանակ, Մոսկվայից հնչող այդ գնահատականները տարօրինակ էին:

Բանն այն է, որ Մոսկվան դրա պատասխանատու համարում է ոչ թե Էրդողանին, այլ Արեւմուտքին, ինչպես խոցված օդանավի ու սպանված դեսպանի դեպքում: Դրա նպատակն իհարկե երկուսն է՝ Էրդողանի հետ պայմանավորվելու ալիբի ապահովելը, միաժամանակ՝ այդ պայմանավորվածությունն Արեւմուտքի հանդեպ հաղթանակ ներկայացնելը, ազատվելով սեփական հանրությանը Թուրքիային պարտվելու հանգամանքը բացատրելու անհրաժեշտությունից:

Այլապես կստացվի դիսոնանս՝ Արեւմուտքի հանդեպ խրոխտ Կրեմլը իր ազդեցության գոտում անզոր է Էրդողանի առաջ: Այս պատկերն իհարկե արտացոլում է ռուսական պետականության եւ քաղաքականության թշվառ վիճակը: Միջուկային հսկա զինանոց եւ ռազմավարական ներուժ ունեցող, գերտերության հավակնություն ներկայացնող պետությունը տրվել է գավառական խուլիգանի պահանջներին:

Մինչ այդ, սակայն, Էրդողանը գնում է առաջ եւ Կովկասից անցնում միջինասիական ռեգիոն, Կիրգիզիայում դնելով ռուսերենը կարգավիճակից զրկելու հարց: Եվ դարձյալ դրսեւորվում է ռուսական մեծապետականության թշվառությունը, որովհետեւ սլաքը արդեն իսկ սկսում է ուղղվել Արեւմուտք: Ըստ երեւույթին, շուտով կլինի հերթական պայմանավորվածությունը ռուսերենի եւ թուրքերենի համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Հետո ռուսական պատվիրակությունը կմեկնի Անկարա, որպեսզի որոշվի՝ կենտրոնը լինի Կիրգիզիայի՞, թե Ռուսաստանի տարածքում, որտեղ Էրդողանը պահում է Ռուսաստանը քանդելու պատրաստ 25 միլիոն մահմեդականներին:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/26/603413/