Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի ճանաչում Արցախի անկախությունը եւ իբրեւ Մինսկի խմբի համանախագահ միակողմանի ճանաչումը չի համարում արդյունավետ ճանապարհ: Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը հաջորդում է Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձեւին, որով կառավարությանն առաջարկվում է քննարկել Արցախի անկախության ճանաչումը:

Գործադիր իշխանությունը փաստորեն անհամաձայնություն է հայտնում Սենատին: Ինչ է դա, հակասությու՞ն, թե՞ ներդաշնակ քաղաքականություն օրենսդիր-գործադիր ձեւաչափով, ինչի միջոցով էլ Փարիզն առաջին զգուշացումն է անում նոյեմբերի 9-ի համաձայնագրի առնչությամբ: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ներկայում առաջնայինը հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց վերադարձի խնդիրն է:

Ֆրանսիան դնում է Շուշիի եւ Հադրութի խնդիրը, որովհետեւ տեղահանվածների վերադարձի առումով ադրբեջանական շահերը կարծես թե նոյեմբերի 9-ի համաձայնագրում արտացոլված են հստակ: Բացակայում են հայկական շահերը, առաջին հերթին հենց Հադրութի շրջանի եւ Շուշիի առումով, որոնք հայտնվել են օկուպացիայի ներքո եւ չեն հայտնվել եռակողմ համաձայնագրում:

Նոյեմբերի 10-ին Փարիզը հայտարարեց, որ համաձայնագրում պետք է արտացոլվի նաեւ հայկական շահը: Այսինքն, Ֆրանսիան նոյեմբերի 10-ին ազդարարեց հայկական շահի բացակայությունը: Այդ արձանագրումով Փարիզն անշուշտ փորձում է լուծել գործընթաց իր վերադարձի հարցը: Բայց այդ հարցի լուծումը բխում է հայկական շահից, ինչի ուղղությամբ պետք է անել առավելագույնը:

Նոյեմբերի 27-ին Երեւան է ժամանել Ֆրանսիայի հումանիտար օգնության նոր խմբաքանակը, որը ուղեկցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Երեւանում հանդիպելու է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Արդյոք Փարիզն ունի առաջարկներ կամ դիտարկումներ, թե ինչ է ակնալում Հայաստանի քաղաքականությունից՝ մասնավորապես հայկական իրավունքների եւ շահերի առաջմղման հարցում, կամ փորձելու է պարզել այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը:

Վերջին հաշվով, այն չի կարող մնալ լոկ Ֆրանսիայի վրա: Ֆրանսիան կարող է լինել էական գործընկեր ու աջակից, բայց Հայաստանը նախ ինքը պետք է հստակ կանգնի հայկական շահերի եւ իրավունքի դիրքերում:

Ճանաչման հարցը գործադիր իշխանության մակարդակ տեղափոխելը Փարիզի համար լինելու է չափազանց լուրջ քայլ, հետդարձի կետից անդին: Ֆրանսիան ըստ այդմ պետք է շոշափի բոլոր հանգամանքները, եւ Հայաստանն այստեղ առաջնային է

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/27/603743/