Նոյեմբերի 27-ին ուղերձով դիմելով հանրությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա ցույց է տվել իր հեռանալու ճանապարհը, կամ այդ ճանապարհի արգելքը: Նա նշել է Հայաստանի հետպատերազմյա առանցքային խնդիրը եւ ընթացիկ ու հեռանկարի այլ խնդիրների ու մարտահրավերների լուծման բանալին:

Վարչապետը հայտարարել է, որ ընդդիմությունը փորձում է ստեղծել քաոսի, անկառավարելիության մթնոլորտ, տպավորություն: Նա իրավացի է: Դա արձանագրելու համար բավական է հայացք գցել Հայաստանի տեղեկատվական դաշտին՝ որտեղ գերակա ներկայացվածություն ունեն ընդդիմադիր ուժերը:

Ինչո՞վ է զբաղված այդ դաշտը, ընդդիմադիր գործիչների, համակիրների, մի շարք ոլորտային ներկայացուցիչների գերակշռող մասը: Զբաղված է հուսահատությունը խորացնելու, մարդկանց առավելագույնս ահաբեկելու, ամեն ինչի վախճանի զգացումը առավելագույնս խորացնելու գործով:

Ի՞նչ հարց է դա լուծում Հայաստանի համար: Ոչ մի, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ հնարավորինս մեծ հանրային բացասական էներգիա գեներացնելուց: Որքա՞ն ժամանակ է դա պահանջելու, մինչեւ կրիտիկական աստիճանի հասցնելը: Պարզ չէ, բայց որ չի պահանջելու դույզն իսկ պատասխանատվություն՝ անկասկած է: Ներկայում տեղի է ունենում ոչ միայն անցյալի, ներկայի, այլեւ տեսանելի ապագայի համար պատասխանատվությունը Փաշինյանի վրա գրելու գործընթաց, այդպիսով ոչ միայն ազատվելով անցյալի ու ներկայի համար պատասխանատվության սեփական չափաբաժնից, այլ նաեւ ապագայի համար ազատելով քաղաքական անպատասխանատվության հնարավորինս մեծ ժամանակ եւ տարածություն:

Այդ ամենը տեղի է ունենում հանրությանը հուսահատության եւ ընկճվածության, անելանելիության առավելագույն աստիճանի հասցնելու գնով:

Իսկ այդ ընթացքում Հայաստանի շուրջ իրադարձությունները շարունակում են ծավալվել վտանգավոր աստիճանով ու բովանդակությամբ: Դա պատասխանատու ուժերից պահանջում է քննարկումներ եւ առաջարկներ ներքին ու արտաքին կյանքի վերակազմակերպման, մոտ եւ երկարաժամկետ խնդիրների շուրջ առնվազն հայեցակարգային համաձայնությունների գալու ուղղությամբ:

Հայաստանի խնդիրները պահանջում են մեկ անձի հանդեպ կրիտիկական դժգոհության փոխարեն, ով էլ լինի այդ անձը, ձեւավորել ապագայի գործողությունների վերաբերյալ հանրային կամք եւ պատկերացումներ, ստանձնելով պատասխանատվություն դրանց համար:

Ահա, այդ իրավիճակը կամ «դիլեման» է ընկած Հայաստանում վարչապետի հեռացման ճանապարհին: Կարո՞ղ է Փաշինյանը ունենալ այդ մասին խոսելու, կամ այլ կերպ ասած իր հեռացման արգելքը մտածված մատնացույց անելու մոտիվացիա: Կարող է ունենալ առնվազն բնազդային, ինքնապաշտպանական մղում: Որովհետեւ փոխելով ներքին մթնոլորտի տրամաբանությունը, պատասխանատու դերակատարները կգան Հայաստանի համար մեկ այլ կարեւոր եզրահանգման՝ հեռացողին տրվող երաշխիք, եթե իհարկե չկա պետականության դեմ միանգամայն գիտակցական գործողության եւ դավադրության ծանրակշիռ ապացույց:

Երաշխիք, որը իրավիճակը եւ իշխանության հարցը դուրս կբերի կյանքի ու մահվան տրամաբանությունից, թույլ տալով Հայաստանը դուրս բերել «մահվան օղակից»:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/27/603802/