Կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից, Արցախի հանձնումից, 5000-ի հասնող զոհերի առկայությունից հետո այդ ամենի հեղինակը ոչ միայն ամոթի ու մեղավորության զգացում չի ապրում, այլ ցույց տալով դրանց իսպառ բացակայությունը՝ դեռ խոսում է։ Նրա խոսելու փաստն ինքն արդեն հոգեվերլուծության առարկա է։ Դրա արդյունքները, իհարկե, անհատական պատկանելություն ունեն, բայց հանրային են այնքանով, որ տվյալ սուբյեկտը դեռևս որոշումներ է կայացնում։

Իսկ ի՞նչ, եթե փսիխոանալիզը պարզի, որ արդեն իսկ կայացված որոշումները կայացվել են, ասենք, աֆեկտի կամ այլ բժշկական տերմինով բնորոշվող երևույթների ազդեցության տակ։ Արդյոք այդ դեպքում այդ որոշումները կարո՞ղ են չեղարկվել։ Գուցե։

Իսկ ի՞նչ, եթե հենց այդ վտանգը կանխազգալով է Նիկոլ Փաշինյանը խոսում այն ժամին, երբ պատեհ է միայն լռությունը։ Խոսում է՝ իր խոսքի հասցատիրոջն ինչ-ինչ ուղերձներ հղելով։ Իսկ նրա խոսքի հասցեատերն ամենևին «հպարտ քաղաքացիները» չեն, ում նա դիմում է մի քանի անգամ։

Ոչ էլ «արյունով իշխանության» եկածները, ում, թվում է՝ դիմում է 5000 զոհի արյունով իշխանության պահողը։ Նրա խոսքի հասցեատերերը նոյեմբերի 9-ի համաձայնագրի շահառուներն են՝ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը։ Եվ հենց նրանց էր այսօր դիմում Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ուղերձում՝ մի քանի անգամ կրկնելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնությունները պետք է կատարվեն։

Նա հավաստիացնում էր, որ ինքն անձամբ ամեն ինչ անելու է այդ փաստաթղթի՝ մինչև վերջին կետն իրագործման համար։ Հավաստիացնում էր, որովհետև գիտակցում է, որ իշխանությունը թեկուզ մի քանի ավելի օր պահպանելու իր հնարավորությունը նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացումն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանության երաշխավորներն այլևս ոչ թե «հպարտ քաղաքացիներն» են, այլ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ամենաշատը շահածները։ Ցանկացած հանցագործության բացահայտում ցանկացած շարքային քննիչ սկսում է «ո՞ւմ էր դա ձեռնտու» պարզամիտ հարցից։

Պատերազմը ևս յուրահատուկ հանցագործություն է, որի դեպքում կրկին տեղին է «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, որի պատասխանը շատ անվանական է՝ Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիբ Էրդողան, Վլադիմիր Պուտին։ Հենց նրանց, բայց առաջին հերթին՝ իր կիրթ բարեկամ Իլհամ Ալիևին էր ուղղված Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը։

Աղբյուր՝ 168.am