Lragir.am—ը գրում է.  Ստեփանակերտում պատերազմից հետո բացվել է առաջին դպրոցը, մուտքին «շնորհակալություն Ռուսաստանին» մեծադիր պաստառով: Երեխաների ձեռքին եղել են Պուտինի դիմանկարները: Ռուսական ԶԼՄ-ները մեծ շուքով լուսաբանել են այս իրադարձությունը:

Բերձորի շուրջ անորոշ իրավիճակ է՝ մնացել է երկու օր, մարդկանց չեն ասում՝ քաղաքը հայկակա՞ն է մնում, թե ոչ, մնա՞ն, թե մեկնեն: Արցախի նախագահը զանգում ասում է մնացեք, բայց զուգահեռ խոսակցություններ կան, թե հանձնելու են: Ինչ որ տեղ հասկանալի է՝ որոշումը ռուսներն են կայացնում, նրանք էլ, ինչպես «սահմանազատման» փորձն է ցույց տվել, ամեն ինչ թողնում են վերջին պահին, ավելի ճիշտ՝ այդպես էլ կոնկրետ ոչինչ չեն ասում, եւ բնակիչները ստիպված լքում են բնակավայրը: Դա մտածված մարտավարություն է՝ հետագայում մեղքը հայերի վրա գցելու համար:

Բերձորում սակայն մի հանգամանք էլ է նշվում՝ քաղաքի վարչակազմը կարող է լինել ադրբեջանական, բայց հայերը կարող են մնալ: Սա «երկու ժողովուրդների համակեցության» ռուսական փորձն է: Ռուս զինվորականներից մեկն օրինակ պատճառաբանել է, որ հայերը պետք է մնան, որ խանութներն ու այլ կենսական օբյեկտներն աշխատեն, որ իրենց համար հեշտ լինի:

Ինչու է Բերձորի դեպքը խորհրդանշական: 200 տարի առաջ «օրհնած ոտքն» առաջին անգամ հայտնվեց Ղարաբաղում, որտեղ մելիքների կիսանկախ իշխանությունն էր: Ռուսաստանը Շուշիում հաստատեց մահմեդական կառավարչի, որից հետո 30 տարի Շուշիի մահմեդական կառավարչի ու մելիքների իշխանության կենտրոն Տողի միջեւ պատերազմ էր ընթանում: Ի վերջո, Ռուսաստանի աջակցությամբ, ինտրիգների, ահաբեկության եւ այլ միջոցներով Ղարաբաղում վերացվեց հայկական իշխանությունը:

Այդ ժամանակից ի վեր Ղարաբաղը 200 տարի պատերազմում է Ռուսաստանի դեմ, իհարկե միջնորդավորված՝ նրանց գործիք մերձկասպյան արեւմուտքի թուրքերի դեմ, երբեմն նաեւ՝ ուղիղ՝ 1980-ականների վերջի եւ 1990-ականների սկզբի երկու պատժիչ արշավանքները նկատի առնելով: Ղարաբաղյան առաջին պատերազմում իրադրությունը փոխվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հեռացավ շրջանից: Ընդ որում, ռուսները խնամքով մոռացության են տալիս իրենց իսկ հայաթափած Կիրովաբադից ու այլ շրջաններից զորքը հանելու ժամանակ ադրբեջանցիների վայրագությունների փաստերը, երբ սպանվում էին ռուս զինվորականները: Այն նույն զինվորականները, որոնք իրականացրել էին Կոլցո գործողությունը, որի արդյունքում տեղահանվեց Հյուսիսային ու Դաշտային Ղարաբաղի եւ Ղազախից Եվլախ գծով հոծ հայ բնակչությունը:

Ղարաբաղի դեմ պատերազմ 2020-ը Մոսկվա-Բաքու-Անկարա-Թել Ավիվ դաշինքով պատրանքներ չպետք է թողնի: Ռուսաստանը Ղարաբաղում ռազմաբազա է կառուցում, որի համար անհրաժեշտ է օղակի մեջ առնված նվազագույն հայ բնակչության առկայությունը, որը պետք է շնորհակալ լինի փրկչին: Ղարաբաղցիները սակայն գիտակցում են, որ 4 ճակատով կռված հայ զինվորականի շնորհիվ է, հազարավոր զոհերի գնով է, որ Ստեփանակերտում բացվել է այդ դպրոցը, եւ նրանք դեռ իրենց խոսքն ասելու են:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/28/603840/