Hraparak.am-ը գրում է. Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները երեկ առավոտից բողոքի ակցիա էին անում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, պահանջելով պատասխանել՝ արդյոք շարունակելո՞ւ են աշխատել, թե՞ արդեն գործազուրկ են։

Հանքավայրը չի աշխատում պատերազմի առաջին օրվանից, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պարզ դարձավ, որ դրա՝ ոսկով առավել հարուստ հատվածն անցնում է Ադրբեջանին։ Երեկ ԱԳՆ-ն, Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն արդարացումներ էին տարածում՝ բացատրելով, թե ինչպես պատահեց, որ ադրբեջանցիները հայտնվեցին Սոթքի հանքի հայկական հատվածում ու պահանջեցին, որ հայերը լքեն տարածքը։ Թե բա՝ գիտեք, սահմանների տեղորոշման գործընթացը բարդ է։ ԱԳՆ-ն, որը նախօրեին հերքում էր, որ ադրբեջանցի զինծառայողները Սոթքի հանքավայրի տարածքում են, երեկ հաղորդեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինուժի միջեւ հստակեցվել է մարտական կետերի տեղակայումը։


Իսկ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեր հարցին պատասխանելով, հաստատեց, որ, այո՝ հաղորդագրությունը վերաբերում է նախեւառաջ Սոթքին։
«Պետական սահմանի սահմանագծումը եւ սահմանազատումը,- գրում է ԱԳՆ-ն,- տեւական, համալիր գործընթացներ են, որոնք իրականացվում են պետությունների միջեւ ձեւավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով»։

Ասել է թե՝ մի սպասեք, որ սահմաններն արագ կորոշվեն։ Ասել է թե՝ զարմանալի ու զարհուրելի միջադեպեր, ինչպիսին նոյեմբերի 26-ի երեկոյան Սոթքում տեղի ունեցածն էր, երբ ադրբեջանցիները հանկարծ իրենց զենք-զինամթերքով, «ուրալ»-ներով եւ այլ տեխնիկայով հայտնվեցին հանքավայրի տարածքում, փաստացի գրավելով այն, դեռ էլի կլինեն։ Ժողովուրդ, չզարմանաք, որովհետեւ պետական սահմանի սահմանագծումը եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի կնքումը բարդ գործընթաց է։

Ինչպե՞ս պետք է հետո, երբ այդ փաստաթղթերն արդեն կնքված լինեն, դուրս շպրտենք այստեղ-այնտեղ հանգրվանած, այս կամ այն տարածքը, գյուղը, հանքն իրենցով արած ադրբեջանցիներին։ Ո՛չ վարչապետի աթոռին նստածը, ո՛չ նրա նախարարները չեն պատասխանում։ Փաշինյանն իր երեկվա հերթական «լայվում» ընդամենը ասաց, որ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ՝ GPS սարքերով: «Այդ սահմանով Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Ադրբեջանի տարածքում է: Սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, եւ ուզենք, թե չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

Ինչ խոսք, լուրջ ու բարդ գործընթաց է, բայց այս օրերին այն արվում է բացառապես աչքաչափով ու առանց ադրբեջանցիների հետ խոսելու, առանց բանակցելու, եւ Սոթքի հանքավայրի դեպքը դրա վառ օրինակն է։

Մեր տեղեկություններով, ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի «կարգավորիչ» գործողությունների հետեւանքով։ 29 տարեկան այս պաշտոնյան Հովիկ Աբրահամյանի օգնականը կամ քարտուղարուհին է եղել, իսկ այսօր համակարգում է ընդերքի եւ հանքարդյունահանման ոլորտը։

Լիլյա Շուշանյանը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Քարվաճառի հանձնումից մի քանի օր առաջ մեկնել է Սոթք, այնտեղ հանդիպել հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության պաշտոնյաներից մեկի եւ ռուս խաղաղապահների ներկայացուցչի հետ՝ որոշելու, թե ինչպես է անցնելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Եղե՞լ է նրանց թվում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա մեր զանգերին չպատասխանեց։

Պապիկյանի նախարարությունից էլ արդեն հինգերորդ օրն է՝ չեն պատասխանում Սոթքի վերաբերյալ մեր հարցին։

Մենք չունենք տվյալներ, թե արդյոք Լիլյա Շուշանյանն ու այլոք ունեցե՞լ են Փաշինյանի ասած GPS սարքերը, բայց տեղյակ ենք, որ ՀՀ պետական սահմանը որոշելու հարցում նրանց կողմնորոշիչը եղել է Արցախի հողերի սկիզբն ազդարարող ցուցանակը, որտեղ էլ, ըստ տրամաբանության, պետք է տեղակայվեր «Գեոպրոմայնինգ»-ի դարպասը։

Ռուսական ընկերության կողմից առաջարկ է եղել մի քանի մետր այն կողմ տանել ցուցանակը։ Քանի մետր՝ ստույգ հայտնի չէ։ Գուցե խոսքը մեկ կիլոմետրի մասին է եղել, գուցե՝ տասը մետրի։ Ավելի էական է այն, որ փոխնախարար Շուշանյանը դեմ չի եղել նման փոփոխությանը, եւ հանքարդյունաբերողի դարպասը դրվել է հենց այդ տեղում։ Մտածել են, որ այս քաոսի մեջ ոչ ոք չի նկատի։ Ադրբեջանցիներն էլ, որոնք հայտնի են իրենց մանրախնդրությամբ, չեն հանդուրժել սա եւ եկել են «ռազբորկայի», որն ավարտվել է հայտնի ներխուժմամբ։ Հիմա այս ներխուժման պատասխանատվությունը, կարծես, միտում կա դնելու ՊՆ-ի վրա եւ մաքրելու Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությանը։ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը երեկ քրտնում էր լրագրողների առաջ՝ փորձելով պատասխանել Սոթքի հանքավայրի մասին տհաճ հարցերին։ Ու երբ նրանցից մեկը հարցրեց, թե չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական տալ, գեներալը ոտքի ելավ հենց ուղիղ եթերում ու հեռացավ սենյակից։
Հարց կծագի՝ եթե մեր տեղեկություններն իրականություն են, եւ այսպես է գծվել ՀՀ պետական սահմանի դեմարկացիոն գիծը, ինչպես Փաշինյանն է ասում՝ «բարդ գործընթացը», ինչպե՞ս է դա հնարավոր, ինչպե՞ս կարող է «սխոդկայում» որոշվել պետական սահմանը։ Լիլյա Շուշանյանը չի պարզաբանում։ «Ունենք ինֆորմացիա, որ Դուք եք մեղավոր Սոթքի հանք թուրքերի մուտքի համար, Դուք եք գծել պետական սահմանը, Դուք եք որոշել դարպասների տեղը, տարել եք առաջ, խնդրում եմ օգնեք՝ հասկանանք սուտն ու ճիշտը»,- հարց ուղղեցինք նրան։ Մեր այս խնդրանքին նա sms-ով պատասխանեց․ «Հանքի թեմայով առավոտյան իսկ խոսել եմ լրատվամիջոցներից մեկի հետ»։ Նույնիսկ լրատվամիջոցի անունը չհայտնեց։ Շուշանյանի ՖԲ էջում կատարած էքսկուրսով գտանք Սոթքին վերաբերող մի հատված․ «Խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել եւ գնահատվել են 3 անգամ․․․ պաշարների հաստատման արձանագրություններում որեւէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել հայկական պետական АРМЗОЛОТО ընկերությանը, վերամշակվել է Արարատի ֆաբրիկայում։ Սրան գումարենք պաշտոնական դեմարկացիայի բացակայությունը եւ կստանանք այն, ինչը պետք է լիներ կամ լինի մեր պաշտոնական դիրքորոշումը»։


Ի՞նչ կապ ունի այս ամենն ադրբեջանցիների ներխուժման հետ՝ հայտնի չէ։ Ո՛չ «սխոդկայի», ո՛չ դարպասի, ո՛չ էլ իր տխուր «դեմարկացիոն» դերի մասին տիկին փոխնախարարը չի գրել։ Այսպիսով, Հայաստանի չորրորդ խոշոր հարկատուի՝ ռուսական կապիտալով գործող «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին պատկանող ոսկու հանքի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի, ապահովելով նաեւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքը, Հարավկովկասյան երկաթուղու շրջանառության 55 տոկոսը: Սոթքի հանքավայրի ճակատագրի հարցում էլ, ինչպես բոլոր մյուսներում, հույսը Պուտինի վրա է։ Բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը հո չի՞ կարող ամեն մի դարպասի մասին առանձին հրահանգ տալ, աշխատել Նիկոլի, Պապիկյանի, նրա տեղակալ Լիլյա Շուշանյանի փոխարեն։ Հայաստանին գործող իշխանություն է պետք։