Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախ տանող միակ ճանապարհի անվտանգության մասին.
Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո Ստեփանակերտից վերադառնում էի Երևան։ Շուշիի մոտով անցնելիս հանդիպեցի նկարներում երևացող ծանր տեսարանի, երբ թշնամին բոլոր հնարավոր տեղերում դրել է իր դրոշը, Շուշին էլ անվանել՝ Շուշա։
Շուշիից հետո մայրուղու վրա հանդիպեցի ճանապարհին հանգիստ ճեմող և ձիերի վրա որոճացող ադրբեջանական համազգեստով զինվորների։ Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում, հատկապես՝ Լիսագորի մոտակայքում։
Հնարավոր է, այս խնդիրը ժամանակի ընթացքում կարգավորվի, բայց մինչև կարգավորվելը իմ հայրենակիցները պետք է իմանան, որ Արցախի հետ կապվող արդեն միակ մայրուղին Քարվաճառը հանձնելուց հետո ամենևին էլ անվտանգ չէ, ավելին՝ ռուս խաղաղապահների և 1-2 տեղ հայ զինվորականների տեղակայման վայրերից բացի, այլ որևէ տեղ կանգնելը կարող է հարցականի տակ դնել մարդու անվտանգությունը։ Կարևոր է ճանապարհին ադրբեջանցիների հանդիպելիս անպայման այդ մասին տեղեկացնել խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականներին»: