Արդեն մի քանի օր Երևանում չեն դադարում պատերազմի ժամանակ գերի ընկած կամ անհետ կորած զինվորների և քաղաքացիական անձանց հարազատների ու մտերիմների բողոքի ակցիաները՝ պահանջով, որպեսզի արագ իրականացվի նրանց հայտնաբերումը և վերադարձը հայրենիք: Չեն դադարում նաև ադրբեջանական կողմից համացանց սպրդող տեսանյութերը, որտեղ նորանոր դրվագներ են հայ գերիների վերաբերյալ: Իլհամ Ալիևը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, թե այդ գործընթացը շարունակվում է: Շարունակվում է, նշանակում է սկսել է: Մինչդեռ, Հայաստանից այդ գործընթացը նկատելի չէ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմագերիներին: Սկսված և շարունակվող է նրանց հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք պատկերող տեսանյութերի տարածումը: Այլ կերպ ասած, Ալիևը ստում է, պարզ է, և պաշտոնական Երևանն էլ, ըստ հարազատների՝ խոստովանում է, որ գործընթացը այդ առումով բարդ է և բանակցություն չի ստացվում: Ակնհայտ է, որ Բաքուն ռազմագերիներին պահում է որպես պատանդ, որոնց միջոցով փորձելու է թերևս տևական ժամանակ քաղաքական խաղ տանել և թելադրել պայմաններ՝ կապված ամենատարբեր հարցերի հետ, որ, անշուշտ, առկա են անգամ երեք տարածքների վերադարձից հետո:

Ի վերջո, կա սահմանագծման, դրա հետ կապված այլ հարցեր: Ընդ որում, Բաքուն այդ հարցերը լուծում է ոչ թե Երևանի, այլ Մոսկվայի հետ, և չի էլ թաքցնում, կամ չեն էլ թաքցնում, այդ թվում՝ Մոսկվան: Միևնույն ժամանակ, Մոսկվան էլ իր հերթին, իհարկե, պետք է ֆորմալ համաձայնություններ ստանա Հայաստանից, այս կամ այն պայմանավորվածության առումով անհրաժեշտության դեպքում: Իսկ իրավիճակի նրբությունն այստեղ այն է, որ մարդկայնորեն և պետականորեն գերծանր այդ հարցը՝ գերիների վերադարձը կամ անհետ կորածների որոնումը, հանրային և քաղաքական մակարդակում, ըստ էության, բացեիբաց հասցեագրվում է ՌԴ ղեկավարությանը՝ մտայնությամբ, որ հույսը միայն Պուտինն է: Դա, իհարկե, զգալիորեն օբյեկտիվ իրողություն է, որ արտացոլվում է պատերազմի հետևանքով: Սակայն խնդիրն այն է, որ այդպիսով ռազմագերիները, կամա թե ակամա, պատանդի դերում են հայտնվում նաև ՌԴ ղեկավարության ձեռքում՝ այս դեպքում Հայաստանի ղեկավարությանը պահանջներ ներկայացնելու և վերահսկողության ևս մի լծակ, ընդ որում՝ աննախադեպ զգայուն լծակ ունենալու համար: Այդպիսով, ստեղծվում է մի վիճակ, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը փոխադարձաբար կամ շղթայաբար շահագրգռված են հարցը ձգձգելու խնդրում, որովհետև դրանով կարող են դիտարկել քաղաքական մի շարք հարցերի լուծման հնարավորություններ: Այսինքն՝ հայ ռազմագերիները փաստորեն դառնում են կրկնակի պատանդ՝ մեր թշնամուն և փաստորեն նաև մեր ռազմավարական դաշնակցին: Չի՞ կարող ՌԴ նախագահը արագ լուծել հարցը: Իհարկե, դժվար է պնդել, թե կարող է: Սակայն այդ դեպքում հայկական հանրությունը պետք է սթափ գնահատի իրավիճակը և հասկանա, որ Պուտինը հույս չէ, հույսը Հայաստանի սուվերեն կարողությունն է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի