Lragir.am-ը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 2-ին տարածել է տեղեկություն, որ ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Խոսքը նոյեմբերի 9-ի գիշերը Հանրապետության հրապարակում եւ Երեւանի կենտրոնական այլ հատվածներում տեղի ունեցած զանգվածային գործողությունների մասին է, որի ընթացքում հարձակման ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության շենքը, նաեւ ավելի ուշ՝ կառավարական ամառանոցն ու վարչապետի կեցավայրը:

ԱԱԾ տարածած տեղեկության մեջ նշվում են քաղաքական խմբեր եւ շրջանակներ, որոնց հարող շրջանակների ներկայացուցիչներն են կազմակերպել զանգվածային անկարգությունները: Խոսքը ընդհանուր առմամբ քաղաքական ընդդիմության դաշտում կոշտ դիրքավորում ունեցող ուժերի մասին է:

Դեկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ կառույցի նոր նշանակված ղեկավար Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա: Այցի օրակարգն ու նպատակները չեն հայտնվում: Միեւնույն ժամանակ, քաղաքական կոնկրետ շրջանակների մատնացույց անող աղմկոտ հաղորդագրությունը հաջորդում է ԱԱԾ պետի Մոսկվա այցի վերաբերյալ տեղեկությանը:

Այդ հայտարարությունը մոսկովյան այցի որեւէ արդյու՞նք է, թե՞ նախապատրաստում: