Հայաստանն ու հայ ժողովուրդը վերապրեցին իրեն պատմության շատ բարդ ժամանակաշրջանը։ Եվ Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը ստիպված էին ընդունել բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։

«Ես պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց, կրկնում եմ, անհրաժեշտ էին և շատ մեծ քաջություն էին պահանջում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դա ակնհայտ փաստ է։ Այսօրվա ժողովին մասնակցող ցանկացած անձ հասկանում է նմանօրինակ որոշման կայացման պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Եվ մեր խնդիրն է, որ այս փուլում սատարենք և անձամբ Հայաստանի վարչապետին, և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքն ապահովվի և իրականացվեն բոլոր ընդունված որոշումները։ Պետք է օգնենք մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի բարդ պայմաններում»,- ասաց Պուտինը։