Երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը, որի որդին՝ Վարդանը, պատերազմում զոհվել է, գրառում է կատարել։ Երգահանը նամակը «երեւի թե» ուղղել է «Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ արդեն Տղուս ու մնացած բոլորին»։

«Եթե նամակս վերնագրեմ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ», կկրկնեմ նախ ինձ, հետո՝ շատ ընկերներիս, որոնք ձեզ էս նույն խոսքով շատ են դիմել, բայց, ցավոք սրտի, այլընտրանք չունեմ ու նորից «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ»…

Էն ժողովուրդը, որ ցանկացած պատերազմի ժամանակ դիրք հասածների քանակը չի գերազանցել հինգ տոկոսը, ու սրանց ընտանիքներով, համախոհներով ու ցավացողներով, քսանից երեսուն տոկոսը…

Տղերք, ներողություն եմ խնդրում մնացած տոկոսի հետ ապրելու համար… Ցավոք, էս վերջին կռվին մասնակից տղերքը տեսան, բայց, փառք Աստծո, էն հները գոնե չտեսան, որ Նարեկացի ու Թումանյան ունեցած ազգը, ներեցեք, ժողովուրդը, սոցիալական խնդիրների համար, որեւէ օր պիտի ճանապարհներ փակեր էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ, եւ ծնվելու փոխարեն ինչ-որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար…

Հետո միշտ կօգտագործեն իրենց «հարուստ գրական» բառապաշարից հաճախ հնչող լափաման բառը` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր… Էստեղ ուզում եմ հիշենք հանճարեղ «Սարոյան եղբայրներ» ֆիլմից մի հատված, երբ Սարոյան Գեւորգը բողոքողներից մեկի գլուխը մտցնում է պատռված ցորենի պարկի մեջ ու ասում. «Դե լափի»…

Տղերք, գիտե՞ք որ էս դեմոկրատների մեջ ահագին մարդիկ, ներեցեք, մարդ չէ, ինչ-որ բաներ, մինչեւ անգամ Սարոյան Գեւորգին էլ են հայհոյում, հայհոյում են պատի տակ թաքնված, բայց հրապարակային, որովհետեւ էն ընդվզողին նմանեցնում են իրենց հերոսին… Ցավում եմ, շատ եմ ցավում…

Հիմա մենք, ովքեր չենք հարմարվում էս ամեն ինչին, չենք ուզում սնվել էս պարտությամբ, բայց սրանք իրենց ցինիզմով լափում են պարտությունը։ Արդեն, ցավոք սրտի, նախկին հաղթանակի համար մնացել ենք անձեզ…

Չեմ ուզում ձեր տրամադրությունն էլ էդտեղ գցել, որովհետեւ դուք հաղթեցիք. բայց դե, մե՞նք ինչ անենք… Ամեն դեպքում, ուզում եմ ինձ հատուկ լավատեսությամբ փակել էս բաց նամակս… Տղերք, մենք ավելի շատ հավատում ենք ձեր հաղթանակին, քան մեր պարտությանը, իսկ դա որեւէ օր, որեւէ կերպ կլուսավորվի…

Իսկ հիմա կուզեմ դիմել ողջ մնացածներին.

Հայ ազգ ջան, եթե չենք ուզում մեր աներեւույթ իրական թշնամու նպատակը վերջնականապես իրագործվի, մոլորյալների մեջ թշնամի ման մի եկեք, իրենք քիչ-քիչ «հոգեդարձ» կլինեն, հակառակ դեպքում եղածն էլ կկորցնենք, իսկ գրող-ջնջողները եւ իրենց կուռքը ոնց ծնվելու փոխարեն առաջացել են, էնպես էլ մեռնելու փոխարեն կվերանան, մահը սրանց ափսոս է…

Եվ, մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի…

Տղերք ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ… ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ… ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ…»,- գրել է նա։