«Hraparak.am-ի տվյալներով՝ մեր երեք զինվորները՝ Հայրապետյան Կորյունը, Ավոյան Դավիթը եւ Մարտիրոսյան Էդգարը, միասին են եղել, իրենց տեղափոխել են Ասկերանից Հադրութ։ Հոկտեմբերի 11-ին վերջին անգամ են խոսել ծնողների հետ, այդ օրվանից մինչ օրս նրանցից լուր չկա »,-մեզ հետ զրույցում պատմում է Արագածոտնի Զարինջա համայնքից 19-ամյա ժամկետային զինծառայող Դավիթ Ավոյանի քույրը՝ Անգին Ավոյանը։

Ընտանիքը Դավիթից մոտ երկու ամիս է լուր չունի։ Հայրն ու մյուս եղբայրը ամենուր փնտրել են իրենց որդուն։ Դիմել Կարմիր Խաչին, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, բայց նրա տվյալները ոչ գերիների ցուցակում է, ոչ էլ՝ զոհվածների։ Դավիթի հայրն այժմ էլ Արցախ է մեկնել՝ անձամբ մասնակցելու որոնողական աշխատանքներին։«Մեկ տարի առաջ՝ դեկտեմբերին է մեկնել ծառայության։ Ասկերանում էր, հետախույզ։ Իր ցուցաբերած լավ արդյունքների համար պետք է տեղափոխեին Երևան՝ հատուկ ջոկատայիններ ստորաբաժանում։ Պատերազմի առաջին օրվանից գիտեինք, որ մասնակցում է մարտերին։ Վերջին անգամ զանգահարեց հոկտեմբերի 11-ին, ասաց, որ տեղափոխում են Հադրութ եւ չի կարող զանգել։Մեզ հասած վերջին տեղեկություններով՝ Հադրութ տեղափոխելիս իրեն եւ երկու ընկերներին ճանապարհին առաջադրանք են հանձնարարել, եւ հենց այդ օրն էլ նրանց երեքի վերջին զանգն է եղել»,-պատմում է քույրը՝ հուսալով, որ ինչ-որ մեկը որևէ տեղեկություն կարող է հաղորդել տղաների մասին։

Հ․ Գ․ Տեղեկությունների դեպքում՝ խնդրում ենք զանգահարել խմբագրություն