Lragir.am-ը գրում է. Մասնավոր խմբերը, փաստաբաններն ու իրավապաշտպանները, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանը, եթե կարողանան հաջողությամբ ստեղծել փաստերի առատություն, հայկական կողմը կկարողանա միջազգային մի քանի ատյաններում հարուցել վարույթներ ու միջազգային մոնիթորինգային խմբերին ներկայացնել Արցախի դեմ պատերազմի անարդարացի բնույթը։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հավաքագրված փաստերը պետք է ներկայացնել ոչ միայն միջազգային դատարաններ, այլ շատ կարևոր է ստեղծել առնվազն գոնե համաեվրոպական հասարակական կարծիք, որ Ադրբեջանը վարել է անարդարացի ու անօրինական պատերազմ։


«Այս փաստարկը մեզ ապագայում շատ է պետք գալու, որպեսզի առաջ տանենք մեր վեճերը տարբեր դատարաններում։ Ընդհուպ մինչև Ղարաբաղի տարածքի, Հադրութի դեօկուպացիայի հարցը պետք է առաջ տանել, որը, կարծում եմ, սկսած մոտ ապագայից արդեն կբարձրացվի։ Խոսքը վերաբերում է այն տարածքներին, որոնք Ղարաբաղը հանրային իրավունքի ուժով հայտարարել է անկախ տարածք՝ 1991 թվականի անկախության հանրաքվեով, որի օրինականությունը դեռ ոչ մի երկիր, միջազգային իրավունքի սուբյեկտ կասկածի տակ չի դրել»,- ասաց նա։

Ըստ Ղազարյանի՝ Արցախի դեմ պատերազմի անարդարացի բնույթը ապացուցելն իր հերթին կօգնի, որպեսզի Հայաստանի քրեական հետապնդման մարմինները անհատական քրեական հետապնդումներ սկսեն իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս և օգտագործելով միջազգային մեխանիզմները՝ կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնել։

«Օրինակ՝ այն անձը, ով հաճախ է երևում տեսանյութերում, ռազմագերիների նկատմամբ գործողություն է կատարում, նա կատարում է հանցագործություն և Ադրբեջանի ներպետական քրեական օրենսգրքով, և միջազգային քրեական իրավունքով։ Թեկուզ առնվազն այդօրինակ անձանց նկատմամբ կարելի է սկսել քրեական հետապնդում։ Ադրբեջանցիները չունենալով հիմք՝ դա անում են, մենք ունենալով հիմք՝ պարտավոր ենք դա անել։ Ուստի, ես կարծում եմ, որ առաջիկայում մեզ դեռ մեծ զարգացումներ են սպասվում՝ իրավական դաշտում, կիսադատական մարմիններում։ Կրկնում եմ, ոչ թե անհատական իրավունքների հարցը պետք է բարձրացնել, այլ այն տարածքների դեօկուպացիայի հարցը, որոնք Ադրբեջանը կարելի է ասել՝ զավթել է, քանի որ Հադրութի և մյուս տարածքների նկատմամբ իրենք չունեն իրավական հիմքեր», ասաց փաստաբանը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/03/605177/