Lragir.am-ը գրում է. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սկզբունքային տարաձայնություններ չկան, հարաբերությունները հիմնվում են բարիդրացիության եւ փոխադարձ շահերի վրա, իսկ տարաձայնությունների դեպքում «… ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան գտնում են շփման կետեր, ուղիներ սիներգիա գրանցելու, ջանքերը համադրելու համար: Ահա դա էլ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում»:


«Ղրիմը լուրջ տարաձայնությունների թվում է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք: Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել մեր հետեւողական դիրքորոշումը Ղրիմի հարցում: Մենք մեր դիրքորոշումը հասցնում ենք մեր թուրք բարեկամներին եւ կշարունակենք դա անել բավականին համբերատար եւ հետեւողականորեն», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Պեսկովը խոսել է նաեւ Ղարաբաղի պատկանելության մասին: Ըստ դրա՝ Ղարաբաղը ՄԱԿ ԱԽ բանաձեւերով Ադրբեջանի տարածք է, ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այդ թվում Հայաստանը: Նրա ղեկավարը՝ Պուտինը, նոյեմբերի 9-ից հետո եւս մի քանի անգամ խոսել է այդ մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է:

Ռուսաստանը թուրք բարեկամներին համբերատար բացատրում է, որ Ղրիմը ռուսական տարածք է, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի: Այն պարագայում, երբ Ուկրաինայի տարածքային ամբողջությունը ճանաչված է, իսկ Ալիեւը միշտ տրտնջում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը չի նշվում միջազգային քիչ թե շատ կարեւոր փաստաթղթերում:

Ռուսաստանը թուրքերից բացի ոչ մեկին «համբերատար» չի բացատրել իր դիրքորոշումը Ղրիմի հարցում, բավարարվելով «լավ եմ արել» բնույթի հայտարարություններով: Լավրովյան պլանով Ռուսաստանը նույնքան համբերատար էլ «բացատրում է» թուրքերին, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է: Բայց, մյուս կողմից, հենց այդ տրամաբանությամբ էլ թուրքերը դնում են Ղրիմի հարցը, լուրջ դերակատարություն ստանձնելով Ղրիմի պլատֆորմում:

Ըստ ամենայնի, ռուս-թուրքական մոնիթորինգի հերթական կենտրոնը կբացվի Ղրիմում, եւ շահերի համադրման նոր հանգրվանին «տարաձայնությունները» կվերաբերեն նրան, թե որտեղ է տեղակայվելու այդ կենտրոնը՝ Ղրիմի, թե բուն Ուկրաինայի տարածքում: