Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շատ է խոսվում է Սոթքի հանքից ու բերվում են ինչ-որ ֆանտաստիկ թվեր իրենց վճարած հարկերի վերաբերյալ, նշեմ մի քանի թիվ, որ իրականությունը հասկանալի դառնա բոլորին․

Այդ հանքը շահագործող ռուսական ծագման, օֆշորային «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը 12 տարվա ընթացքում՝ 2009-2020թթ., վճարել է 93,4 միլիարդ դրամ ընդհանուր հարկեր։ Այսինքն՝ տարեկան միջինն ընդամենը 7,8 միլիարդ դրամ (16-17 միլիոն դոլար)։

Ընդ որում՝ այդ գումարի 75 տոկոսը՝ 69,5 միլիարդ դրամը, վճարվել է վերջին 5 տարիների՝ 2016-2020թթ. ընթացքում։ Դրա հետ միասին 2010-2015թթ. ընթացքում այդ ընկերությունը հայտարարագրել է 19,5 միլիարդ դրամի (48 միլիոն դոլար) հարկային վնասներ։

Վերահսկիչ պալատը պարզել էր, որ այդ ընկերությունը 2004թ. հուլիսի 1-ից մինչեւ 2008թ. փետրվարի 29-ը Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրերն ապօրինաբար է շահագործել՝ առանց ուժի մեջ մտած լիցենզիաների: Բացի այդ, Սոթքի և Մեղրաձորի հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հարկային մարմիններին ներկայացրել է, թե 2007-2010թթ. իբր վնասով է աշխատում, հետևաբար, ոչ մի լումա չի մուծել պետական բյուջե:

Եղեք տեղեկացված ու մի խաբնվեք մակերեսային տեղեկություններին ու ոչ լիարժեք ներկայացվող թվերին։ Բոլոր թվերը վերցված են պաշտոնական բաց աղբյուրներից»։