Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքում կիրակի սկսված անհայտ հիվանդության բռնկման հետեւանքով մեկ մարդ մահացել է, ավելի քան 350-ը հոսպիտալացվել, հայտնում է India TV-ն:

Տուժած պացիենտներին հիվանդանոց են տեղափոխել գլխապտույտի եւ էպիլեպսիայի գանգատներով: Նրանք գանգատվել են նաեւ հանկարծակի ուշաթափություններից, բերանի մոտ փրփուրից եւ դողից:

Բժիշկներն առայժմ չեն կարողացել պարզել անսպասելի հիվանդության պատճառը, չնայած կատարել են արյան անալիզ եւ գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա: Ողնուղեղային հեղուկի անալիզը եւս նորմալ է եղել: Հավանական պատճառը կարող է հայտնաբերվել միայն բակտերիաբանական անալիզի արդյունքները ստանալուց հետո:

Բժիշկների տվյալներով՝ բուժումը շարունակում է մոտ 160 մարդ, 180-ից ավելին արդեն դուրս է գրվել:

Հիվանդության պատճառը պարզելու համար քաղաք են ուղարկվել բժիշկների խմբեր Սնունդի ազգային ինստիտուտից, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտից եւ Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտից:

Այսօր Էլուրու կայցելի նաեւ Անդհրա-Փրադեշ նահանգի գլխավոր նախարար Ջագան Մոհան Ռեդին: Նախատեսվում է, որ նա շփվելու է հիվանդների հետ եւ հանդիպելու է տեղի պաշտոնյաներին: