Օրերս ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանի՝ ներկայիս իշխանությանը սատարող՝ ամիսներ առաջվա գրառումներին՝ ներկայացնելով դրանց պատճենները։

Դեկտեմբերի 2-ին «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Միքայել Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վահրամ Սահակյանի։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։ Հայցվոր Միքայել Պողոսյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Վահրամ Սահակյանին՝ հերքել վիրավորանքի տեքստը։

Այսօր Վահրամ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այդ հայցին, իրեն հատուկ ոճով հրապարակավ ներողություն է խնդրել: «Ուրեմն. դեկտեմբերի 2-ին ստացել եմ քաղաքացի Միքայել Մովսեսի Պողոսյանի՝ իմ դեմ ներկայացված հայցադիմումի պատճենը։ Դրանով, հայցվոր Պողոսյանը ինձնից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար։

Ես մեծ հաճույքով եւ բավականությամբ կխնդրեմ եւ հարցն այն է, որ եթե քաղաքացի Միքայել Մովսեսի Պողոսյանը ինձ սահմանված կարգով տեղեկացներ իր՝ վիրավորված լինելու մասին, ապա ես, պարզելով, թե ինչն է խնդիրը՝ առանց դատարան դիմելու էլ ներողություն կխնդրեի, ինչը սույն գրառմամբ կատարում եմ։

Ըստ հայցող կողմի, նոյեմբերի 20-ին իմ ֆեյսբուքյան էջի վրա եղել է youtube-յան օտար օգտատերի մի տեսանյութի հղում, իսկ հղմանը կից ես գրել եմ, թե այս տեսանյութում ներկայացվող անձինք «ծախու միս», «ոռաբաց ստահակ» և «անկարող բոզի թուլա» են։

Պարզվել է, որ ես ճիշտ չեմ եղել։

Եվ այսպես, ես հաճույքով ներողություն եմ խնդրում Միքայել Մովսեսի Պողոսյանից այն բանի համար, որ, ըստ հայցի, ես նրան անվանել եմ «ծախու միս», «ոռաբաց ստահակ» և «անկարող բոզի թուլա»։

Ավելին, ես պնդում եմ, որ հայցվոր Պողոսյանը, «ծախու միս», «ոռաբաց ստահակ» և «անկարող բոզի թուլա» չէ»,- գրել է Վահրամ Սահակյանը։

Ի դեպ, Սահակյանի հրապարակավ ներողության տակ իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր աջակցությունն է հայտնել գրելով. «Թույլ տվեք ներկայացնել Ձեզ այս դատավարությունում»։