Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հետաքրքրվեց. «Մեզ կիրազեկե՞ք, թե ինչ ա եղել, որ դատավորի ընտրություն պիտի տեղի ունենար, բայց հարցը դուրս ա եկել օրակարգից: Մամուլում տեղեկություններ կան, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվելուն մասնակցելուց»:
Մարուքյանը խնդրեց պարզաբանում տրամադրել և ԲԴԽ-ից պարզաբանում պահանջել՝ նման բան կա՞, թե՞ ոչ:
Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու հարցով ԲԴԽ նախագահն իրեն նամակ է գրել:
«Նամակում հայտնում են, որ թեկնածուները նիստի վերաբերյալ տեղեկացվել են հեռախոսազանգով, ինչը, հավանաբար, պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Մյուս կողմից նամակում նշվում է , որ ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պիտի խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, սակայն, հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը, իրատեսական չեն համարել դատական իշխանությանը հուզող հիմնախնդիրների շուրջ կառուցողական քննարկում կազմակերպելը»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրել է հարցը հետաձգել: