ՌԴ ԱԳ նախարար, Լավրովի պլանի հեղինակ Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում դժգոհել է, որ Արեւմուտքը ցանկացած առիթ հորինում է Ռուսաստանին մեղադրելու համար:

«Վերջին ժամանակներս մեզ մեղադրում են, որ մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես այն բանի համար, որ այնտեղ ամրապնդենք մեր աշխարհքաղաքական դիրքերն ընդդեմ Արեւմուտքի, իբր պայմանավորվել ենք Թուրքիայի հետ այդ տարածաշրջանը բաժանելու մասին միայն այն բանի համար, որ Արեւմուտքն այնտեղ չամրապնդի իր դիրքերը», ասել է Լավրովը:

Արեւմուտքն իհարկե կարող է ինչի մեջ ասես մեղադրել Ռուսաստանին, դնել Արցախի դեօկուպացիայի ու կարգավիճակի, տեղահանվածների վերադարձի հարցերը, հարցեր տալ Ռուսաստանին եռակողմ փաստաթղթի ու Թուրքիայի դերի վերաբերյալ: Բայց մի բանում Լավրովն իհարկե արդար չէ, երբ չի ընդունում Թուրքիայի հետ տարածաշրջանը բաժանելու «մեղադրանքը»: Շատ հեռու չգնալու համար կարելի է հիշել օրինակ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերը, երբ Արեւելյան Հայաստանի մեծ մասը նվիրաբերվեց Թուրքիային ու «Ադրբեջանին», հենց Մոսկվայի առաջարկով:

Իսկ նորագույն շրջանում դրա օրինակը հենց եռակողմ համաձայնությունն է: Թուրք արտգործնախարար Չավուշօղլուն երկու օր առաջ հստակ հայտարարել է, որ Մոսկվայի հետ աշխատում են արդար կիսելու սկզբունքով: Նույն օրը Լավրովն այլ ձեւակերպումներով հաստատել էր այդ թվում Ղարաբաղում թուրքերի հետ այդ սկզբունքով աշխատելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Արեւմուտքին, նույն Լավրովը, Պուտինը, ռուսական քաղաքականության նախագծման աշխատանքներին ներգրավված փորձագետներն իրենք են հայտարարում, որ Մոսկվան Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցում է իր հակաարեւմտյան քաղաքականության համատեքստում:

Այդ քաղաքականությունը սկիզբ առավ 2014-2015-ին, երբ սկսվեցին ռուսական սպառազինության զանգվածային մատակարարումները Բաքվին, եւ ստեղծվեց Լավրովի պլանը, որն իրագործվեց 44-օրյա պատերազմում:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/10/606956/