Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ նախապատրաստել է ծանր իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ: Ըստ ամենայնի, Արմեն Սարգսյանն այդ քարտեզն է սկսել ներկայացնել Հայաստանի նախկին նախագահներին: Նա ինչպես հայտնի է հանդիպել է արդեն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Առաջիկա օրեին, ենթադրաբար, նա կլրացնի շարքը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումով:

Հնարավո՞ր է, որ Արմեն Սարգսյանն ակնկալում է ստանալ հավանություն Նիկոլ Փաշինյանի առաջ կտրուկ պահանջներ դնելուց հրաժարվելու հարցում, ինչի դիմաց Փաշինյանը կհայտարարի արտահերթ ընտրության ժամկետ՝ հրաժարականով եւ այլ միասնական թեկնածուով, որը կորոշվի նաեւ Փաշինյանի մասնակցությամբ քննարկումների արդյունքում: Կամ, գուցե առանց հրաժարականի:

Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է երկխոսության ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե այդ ուժը հրաժարվում է սպառնալիքի լեզվից:

Արմեն Սարգսյանի ճանապարհային քարտեզի հարցում առանցքային դեր ունենալու են իհարկե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, քանի որ 17-ը կազմված է ուժերից, որոնք երկու նախկին նախագահների ուղիղ կամ անուղղակի ազդեցության դաշտում են:

Մինչ նախագահների հետ հանդիպումը, Արմեն Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանագծման հարցում օժանդակության համար նամակով դիմել էր ՌԴ նախագահ Պուտինին:

Պուտինն, ինչպես հայտնի է, իր հրապարակային աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, անգամ նշելով, որ դա է այժմ նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների խնդիրը: Այդ դեպքում կա՞ր Պուտինին դիմելու կարիք: Ինչու՞ այդ աջակցությունը չէր կարող խնդրել Նիկոլ Փաշինյանը: Թե՞ Արմեն Սարգսյանն այդպիսով ՌԴ նախագահից ակնկալում էր իր ճանապարհային քարտեզի աջակցություն:

Ստացե՞լ է այդ հավանությունը Արմեն Սարգսյանը, թե՞ ծրագրում է այդ հարցում նախկին նախագահների օժանդակությունը: Արմեն Սարգսյանն օրերս ինքն էր այցելել Մոսկվա, սակայն մասնավոր այցով, այնտեղ հանդիպելով հայկական համայնքի ներկայացուցիչներին: Հայաստանյան մամուլում եղան հրապարակումներ, որ այցը տապալվել է, քանի որ ոչ միայն չի հաջողվել ստանալ ՌԴ պաշտոնական ընդունելություն, այլ նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչել էին նաեւ սուր քննադատություններ Արմեն Սարգսյանի հասցեին:

Ճանապարհային քարտեզը եղել է մինչ ա՞յդ, թե դրանից հետո, ներառելով նախկին նախագահներին: Մոսկվայում հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ հետհեղափոխական ժամանակաշրջանում օգտագործվել է իր հնարավորությունների հազիվ 5 տոկոսը: Քանի՞ տոկոսի շուրջ կարող են լինել քննարկումները նախկին նախագահների հետ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/10/607192/