Խոսելով իր ամուսնու հոր` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, սիրված երգչուհին նշել է, որ նախընտրում է լինել այն կողմում, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա` գործով ապացուցված:

Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի ու սիրված երգչուհի Սիրուշոն` խոսելով իր ամուսնու հոր` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին։

 

Նա հիշել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին ասել էր, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում նրա դեմ, փորձում են ջնջել նրա անցած ուղին ու սուտ մեղադրանքներ վերագրել, առաջարկել էր հերքել կամ ինչ-որ բան ասել:

«Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»: Ցավոք, այդպես չեղավ»,–գրել է երգչուհին:

Ստեղծված իրավիճակից հետո Սիրուշոն հասկացել է, որ որքան երկար ես լռում, այնքան շատ են հորինվում պատմություններ:

«Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը, չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…

Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:

Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին»,–գրել է Սիրուշոն:

 

Նա Ռոբերտ Քոչարյանին նկարագրել է զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ բառերով։ «Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած»,–նշել է նա:

Երգչուհին գրել է, որ ցանկանում է, որ մարդիկ իմանան իրականությունը` Իրական իրականությունը, ամեն ինչի և բոլորի մասին, առանց որևէ վերապահման, և դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց և իրադարձությունների մասին:

«Ես նախընտրում եմ այն կողմում կանգնած լինել, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա՝ գործով ապացուցված»,–գրել է Սիրուշոն: