Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


«Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել»,- իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Լավրովը:

Նա նշել է, որ հիմա կարևոր է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան: