Սեյրան Օհանյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը ղեկավարել է Շուշիի մարտական գործողությունները։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե Շուշիի մարտական գործողություններն ինքն է ղեկավարել։

«Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում այսօր գեներալ-գնդապետը նշեց, որ Արցախ է մեկնել սեպտեմբերի 28-ին անձնական որոշմամբ։ Մինչ այդ ո՛չ իրեն, ո՛չ Յուրի Խաչատուրովին չի հաջողվել հանդիպում ունենալ ՊՆ ղեկավարության հետ և հասկանալ, թե իրենց փորձն ինչպես կարող են ծառայեցնել այս պատերազմում։

Ասում է` ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ խորհրդակցելուց հետո մեկնել է ՊԲ հրամանատարի մոտ, երեք օր գտնվել հրամանատարական կետում և փորձել չխանգարելով` խորհուրդներ տալ, առաջարկություններ անել մարտական գործողությունների, նաև օպերատիվ շարվածքում վերախմբավորումներ անելու վերաբերյալ։

 

Մի քանի օր անց որոշում է կայացվել, որ փորձառու զինվորականներից շատերը, այդ թվում Սեյրան Օհանյանն իրավունք չունեն հրամանատարական կետում լինելու։

Օհանյանի խոսքով՝ երբ մարտական գործողությունները մոտեցել են Շուշիին, սեփական նախաձեռնությամբ գնացել է տեղի հրամանատարության մոտ։

Նա հերքում է տարածվող այն տեղեկությունները, թե ինքը ղեկավարել է Շուշիի մարտական գործողությունները։ Ասում է` համապատասխան աջակցություն է ցուցաբերել. միայն այդքանը, հրամանատարական որևէ գործառույթ չի ունեցել։

«Գործել եմ իմ ցանկությամբ, գործել եմ ըստ իրավիճակի, երբևիցե կապ չեմ ունեցել բանակի հրամանատարի հետ այդ ուղղությամբ, բանակի հրամանատարն ու տեղի ուղղության հրամանատարն են ղեկավարել Շուշիի մարտական գործողությունները։ Ես կապ չեմ ունեցել իրենց հետ։ Ամսի 5-ին, երբ 3 կողմից շրջափակման մեջ էինք, ինձ հետ միասին տասնվեց հոգի էլ կար»,- իրադարձությունները ներկայացնում է Սեյրան Օհանյանը` հերքելով տարածված ևս մի տեղեկություն, թե ինքը փախուստի է դիմել Շուշիից։

Ասում է՝ տարիքով մեծն ինքն էր, դրան գումարած` իր ֆիզիկական վիճակը, ինքը պարզապես չէր կարող փախչել։

 

«Այդ իրավիճակում յուրաքանչյուրն անցնում էր իմ կողքով, հարցնում էին՝ ինչ անենք, ասում էի՝ թողեք, գնացեք։ Շատերն ասել են՝ պարոն Օհանյան, Ձեզ օգնենք, հանենք, որովհետև ես միայնակ՝ ոտքով, չէի կարող դա անել։ Վերջում բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, ապահովեցին հրամանատարական կետի տեղափոխումը, որովհետև այնուհետև հրթիռահրետանային հարվածներ պետք է հասցնեին նաև հրամանատարական կետի մերձակայքին, որովհետև տեղը բացահայտված էր»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է Շուշիում «Իսկանդերի» հարվածին, Սեյրան Օհանյանն ասում է, որ այդ մասին տեղեկություններ չունի։

Աղբյուր` https://info-arm.com/