«Ճանապարհին ավտոբուսը երեք հայկական պոստում կանգնացրել են՝ թե ո՞ւր ես տանում էրեխեքին, ասել ա՝ մինչև ավազի բլուր: Ավազի բլրից 7 կմ անցել, տարել-հանձնել ա թուրքին երրորդ ավտոբուսը, խիղճը հանգիստ եկել, նստել ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Կիմա Ավետիսյանը: Կնոջ խոսքով հրամանատար Արսեն Աբգարյանը քիմիկների հետ չի եղել: Ծնողներից մեկ ուրիշի խոսքը վկայակոչելով, թե հրամանատարը տղաների հետ է եղել, կինն ասաց.

«Ինքը չի գնացել, իմ հարազատներին ասաց՝ դուք հասեք Կապան, հեսա ես ձեր հետևից գալիս եմ: Երկու օր իմ հարազատները սպասեցին Կապանում, եկա, տեսա չաստի հայաթը կայնած ա, ասի դու խի՞ չես գնացել, ասեց՝ ինձի հրաման չեն տվել: Մեկը մեկի վրա ա գցում…»,- նկատեց կինը:

«Հիմա էլ ասում են ուղևորը շփոթել ա ճանապարհը: Խի՞ ես տվել ուղևորի ձեռը. մի հոգի չի, տասը հոգի չի: 40 էրեխու տվել ես ուղևորի ձեռը, ուզում ես ջրից չոր դուրս գա՞ս, չես կարա»,- լացակումած ասաց նա:

Կինը կոչ արեց դատել հրամանատարին:

«Կամ տվեք մեր ձեռը: Չէ՞ որ մենք էրեխեք ենք տվել, հո հավի ճուտ չե՞նք տվել… Որ իմանամ պատերազմ ա գնացել, մասնակցել ա, կհաշտվեմ էդ մտքի հետ… Չէ՞ որ դիտավորյալ լցրել ա ավտոբուս, հանձնել ա թուրքին»,- ասաց կինը: Նա նշեց, որ քիմիկների խմբին չպիտի տանեին պատերազմ:

«Գնացել են երեք ժամանոց որոնողական աշխատանքների. մի օր դիակ են հավաքել, մի անգամ ականապատել են… Իրանք քիմիկներ են, բայց վերջին անգամ լցրել են ավտոբուս ու հանձնել թուրքին»,- զայրացած նշեց կինը:

Հիշեցնենք, որ ՊՆ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Էջմիածնի քիմիական զորամասի անհետ կորած զինծառայողների (քիմիկների) ծնողները և հարազատները: