ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հակասական և, ըստ էության, խուսափողական պատասխան է տվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կոչին: Իսկ կոչը վերաբերել էր Նիկոլ Փաշինյանին իբրև թե Ալիևի արած առաջարկին՝ 5 միլիարդ դոլար տարածքները հանձնելու դիմաց, ինչպես հայտարարում է Մինասյանը: Նա ասել էր, որ Վանեցյանի միջոցով է փոխանցվել առաջարկը, և նրան կոչ էր արել հերքել կամ հաստատել: Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ գործել է Փաշինյան-Ալիև օպերատիվ կապ, այդ կապի շրջանակում տեղեկատվության փոխանակման միջնորդները եղել են ինքն ու մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, որն առ այսօր աշխատում է, և որ այդ կապով փոխանցվել է ամենատարբեր տեղեկություն: Ըստ Մինասյանի՝ 2018-ի հոկտեմբերին Դուբայում արված առաջարկի մասին Արթուր Վանեցյանը նշում է, որ չի պատրաստվում հանրայնացնել ծառայության բերումով ունեցած տեղեկատվությունը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կենսական անվտանգությանը, տվյալ դեպքում արդեն Արցախի մի մեծ մասի կորստին, հազարավոր կյանքերի կորստին: Եթե այդ տեղեկատվությունը այդպիսի դեպքերի համար չէ, ապա էլ ինչի՞ համար է: Չէ որ պետական անվտանգության տեսանկյունից, պակաս վտանգավոր չէ ոչ միայն պետության դեմ որևէ հանցանք պարունակող տեղեկություն թաքցնելը, այլ նաև այդպիսի թեմաներով տեղեկատվական մանիպուլյացիաներ և կեղծիք տարածելը: Ի վերջո, խոսքը սովորական մանիպուլյացիայի մասին չէ, շարքային թեմայի մասին չէ: Այլապես ստացվում է, որ ԱԱԾ պետը չհաստատելով կամ չհերքելով, իր հերթին խորացնում է ինտրիգը, որ դաշտ է բերվել 5 միլիարդ դոլարի թեմայով: Ընդ որում, հարկ է նկատել, որ այն դաշտ բերվեց Սերժ Սարգսյան-Լուկաշենկո հայտնի զրույցի ձայնագրությունը հրապարակելով, որն արվել էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարների երևանյան նեղ կազմով հանդիպումից՝ 2016-ի հոկտեմբերին, ինչպես հետո հաստատեց Սերժ Սարգսյանի գրասենյակը: Սերժ Սարգսյանն այդ ձայնագրության մեջ նշում էր, որ ինքը պատրաստ է Ալիևին տալ վեց միլիարդ դոլար 7 շրջաններից հրաժարվելու դիմաց: Ամբողջ ինտրիգը, թերևս, այստեղ է՝ ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, եթե առաջարկ ստացել է: Այն, որ ստացած կլիներ, զարմանալի չէ՝ եթե Սերժ Սարգսյանին արվել է, կարող էր արվել նաև Փաշինյանին: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը Ալիևին: Արթուր Վանեցյանն, ըստ ամենայնի, այդ հարցից է խուսափում՝ ասելով, թե չի հանրայնացնի ծառայության ընթացքում ձեռք բերած տեղեկությունները: Որովհետև Նիկոլ Փաշինյանի պատասխանի հանրայնացումը կփլուզի՞ քարոզչական գրոհի սխեման, թե՞ կառաջացնի նաև Արթուր Վանեցյանի պատասխանատվության հարց: