«Ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր: Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:


Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում»: