«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, եւ եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետեւանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետեւ այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, եւ որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում: Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը եւ այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է», այսօրվա ուղերձում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն նկատի ունի Հադրութի հայկական վերահսկողության տակ մնացած Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Թուրքերն այդ գյուղերի ուղղությամբ հարձակում էին սկսել, որից հետո այդտեղ էին ժամանել ռուս խաղաղապահները, որից հետո էլ տեղի է ունեցել հարյուրավոր հայ զինծառայողների գերեվարումը: Բացի այդ, դիրքերի մոտակայքում հայտնաբերվել է հայ 9 զոհվածի մարմին, որոնց վրա կան բռնության հետքեր: Այսինքն, նրանց սպանելուց առաջ խոշտանգել են: Ընդ որում, ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք զրկված են եղել պաշտպանության միջոցներից:

Ի՞նչ է կատարվել այդ երկու գյուղերում, դեռեւս պարզ չէ, թեեւ պաշտոնական աղբյուրների կցկտուր տեղեկությունները եւ հատկապես տեղի աղբյուրները որոշակի պատկեր են բացում: Այդ գյուղերն ակնհայտորեն հանձնվել են Մոսկվա-Բաքու համաձայնությամբ, որի մասին վկայում է Կրեմլի խոսնակ Պեսկովի հայտարարությունը: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ այս կապակցությամբ հայտարարել էր, որ «Ռուս խաղաղապահների ներկայությամբ Պաշտպանության բանակը մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի»:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձից պարզվում է, որ գործը միայն այս գյուղերի հանձնումը չի եղել: Դրան հետեւել է Սյունիքի սահմանների այսպես կոչված սահմանազատումը, որը նախատեսված չէ եռակողմ կամ որեւէ այլ համաձայնագրով ու փաստաթղթով: Ինչպես ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սյունիքում սահմանազատումը եռակողմ համաձայնագրի «տրամաբանական շարունակությունն է»: Այդ համաձայնագիրն իրականում խախտվում է առաջին օրերից՝ ի վնաս Հայաստանի, այս պարագայում էլ դրա տրամաբանությամբ փաստացի շանտաժ է արվել Հայաստանի դեմ՝ եթե Հադրութի բնագծերում շարունակվի դիմադրությունը, ապա հարձակում կլինի Սյունիքի ուղղությամբ: Ընդ որում, Սյունիքի սահմանազատումն էլ կատարվել է եռակողմ համաձայնագրի խախտմամբ, եւ «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների» հիշատակումն այստեղ հենց վերը նկարագրվածի ապացույցն է: Բանն այն է, որ եթե «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին» վերադառնալով՝ դրանք դառնում են երաշխավորված, հայտնվելով անվտանգային այն համակարգում, որոնց անդամ է Հայաստանը, ինչպես ասում է Փաշինյանը, նկատի ունենալով ՀԱՊԿ-ը եւ ՌԴ հետ երկկողմ պայմանագրերը, ապա ինչո՞ւ է աշխատել շանտաժը Սյունիքի դեմ հարձակման հարցում: Այսինքն՝ Մոսկվան այդ դեպքում չէ՞ր միջամտի, իսկ ահա «դեմարկացիայից» հետո կկատարի իր պայմանագրային պարտավորությունները:

Նիկոլ Փաշինյանը եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո հայտարարեց, թե դա արել է ոչ թե Արցախը հանձնելու, այլ պահելու համար: Այսօր էլ հայտարարում է, թե սահմանազատումը Սյունիքը պահելու համար է: Սա ոչ այլ ինչ է, քան առնվազն արտաքին պարտադրանքի տակ գործելու խոստովանություն: Որքա՞ն է նա պատրաստվում շարունակել այդպես, գիտե՞, թե ինչպես են կոչվում նման վարչակարգերը:

Սյունիքի սահմանազատման խնդիրներին անդրադարձել ենք այստեղ: Անկասկած, Սյունիքի սահմանազատման խնդիրները Հադրութ-Բերձոր գծով «մեծ սահմանազատման» մասն են, որոնք կապված են Սյունիքով հաղորդակցությունների մի քանի միջանցքների ռուս-թուրքական քննարկումների հետ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/19/609515/