ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտագնավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին: Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով: Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը: Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտոցումները: Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը: Սեյրան Օհանյան – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Յուրի Խաչատուրով – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Միքայել Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Սամվել Կարապետյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վլադիկ Հովհաննիսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վալերի Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր»: