Պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Այս տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար»,–գրել է նա։

Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ իրենց և Արցախի նախագահի կողմից գերեվարվածների անվանական ցուցակը փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը` ադրբեջանական կողմին տալու համար։

«Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»,–գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Ժիրայր Միրզոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 13-ից կանգնել են Մեծ Շենից Հին Շեն գյուղ տանող միակ ճանապարհին՝ հայտարարելով, որ այդտեղ կանգնելու հրաման ունեն։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այդ ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։