Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակաման մեջ եղած կամավորականները դեկտեմբերի 18-ին վերադարձան տուն: Դիրքերում եղած բոլոր տղաները Շիրակի մարզից էին`տարբեր բնակավայրերից ու Գյումրիից: Նրանց մեծ մասը համայնքապետարանների աշխատակիցներ էին, վարչական ղեկավարներ ու խոշորացված համայնքների ղեկավարներ:

Ինչպես հայտնվեցին շրջափակման մեջ և ինչպես կարողացան դուրս գալ ադրբեջանական զինված ուժերի շրջափակումից ու վերադառնալ տուն, այս մասին այսօր SHANTNEWS.am-ին պատմել է Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը, որը որպես կամավորական առաջնագիծ էր մեկնել համայնքապետարանի ջոկատի տղաների հետ:

«Արցախ մեկնեցինք նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին արդեն դիրքերում էինք: Մեզ հետ հրամանատարական անձնակազմ չի եղել, միայն չորս օրը մեկ մեզ սնունդ էին ուղարկում: 10,թե 12-րդ օրն իմացանք, որ ընկել ենք շրջափակման մեջ»,- պատմել է Վահրամ Սաղաթելյանը:

Ըստ Մեղրաշատ համայնքի վարչական ղեկավարի՝ ադրբեջանցիները երբեմն դիտակետը հսկելու էին գալիս: Թշնամու հետ բանակցություններ վարել է Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ, դասակի հրամանատար Արտավարզդ Ղուկասյանը:

«Ադրբեջանցիները ճանապարհ էին խնդրում դեպի Աղանոս գյուղ, բայց մենք թույլ չտվեցինք անցնել, իրենք էլ սուսուփուս հետ են վերադարձել: Դասակի հրամանատարը կատարվածի մասին տեղյակ պահեց վերադաս հրամանատարությանը, բայց բանակցությունների հիմնական մասն ինքներս ենք վարել»,- նշում է Մեղրաշատ գյուղի վարչական ղեկավարը:

Վահրամ Սաղաթելյանը պատմում է, որ շրջափակման մեջ երկար կմնային, եթե ռուսական կողմը չմիջամտեր ադրբեջանցիների հետ տարվող բանակցություններին: Վարչական ղեկավարի խոսքերով՝ ջոկատի տղաների մարտական ոգին շատ բարձր է եղել։ Չնայած շրջափակման մեջ գտնվելու հանգամանքին՝ դիրքը պահել են մինչև վերջ, բայց ցած իջնելիս ստիպված են եղել այն հանձնել հակառակորդին:Շիրակի մարզից շրջափակման մեջ գտնվող բոլոր ջոկատների տղաները տուն են վերադարձել առողջ ու առանց վնասվածքների, այս օրերին փորձում են հաղթահարել հոգնածությունն ու վերսկսել աշխատանքը համայնքապետարաններում: