Այսօր Սյունիք է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպելու տեղացիների հետ, սակայն այնտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը՝ թույլ չտալով նրա մուտքը։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին քաղաքացիների հետ է՝ Շինուհայր գյուղի խաչմերուկին։


«Վարչապետը Սիսիան է մտել՝ ոստիկանության վերահսկողությամբ։ Տեսնենք՝ ոնց է զարգանում իրավիճակը»։

Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալությանը, մասնավորապես՝ այն խոսակցություններին, թե տեղի ոստիկանապետը հրաժարվել է ձերբակալել նրան․

«Ես դրանից տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ Առուշ Առուշանյանին՝ մեր ընկերոջը ձերբակալել են ու գրեթե համոզված եմ, որ դա պայմանավորված է իր հայտարարության հետ։ Եթե ինչ-որ գործի շրջանակում էլ ձերբակալված է, ապա դա ֆիկցիա է լինելու, ես համոզված եմ, որ իր ձերբակալումը գիշերվա 3-ին պայմանավորված է իր հայտարարության հետ։ Կարելի է նաեւ ասել՝ քաղաքական հետապնդում»։

Հարցին՝ իր վերաբերյալ գործեր կա՞ն իրավապահ մարմիններում, եւ արդյոք մտավախություն չկա՞, որ իր նկատմամբ էլ նման քայլեր կանեն, քաղաքապետն ասաց․ «Ոչ, իմ վերաբերյալ գործեր չկան։ Մենք նման բանից չենք վախենում»։

Մեր մյուս հարցին՝ո՞ր ճանապարհով է Փաշինյանը գնալու Կապանի համայնքներ, մեր զրուցակիցն ասաց, որ Փաշինյանը դեռ Սիսիանում է, տեղյակ չէ`որ ճանապարհով է գնալու։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/2baef3dda9958dc09ab8b72237493a09