Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 21–ին, չեղարկեց իր նախապես պլանավորված այցերը Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ։ Այս մասին նա հայտարարեց Սիսիանում։

«Սադրանքների չենք տրվելու։ Մեղրին էլ, Կապանն էլ, Գորիսն էլ իրենց տեղում են։ Այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ, մեր խոնարհումը բերեցինք եւ խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմաններին, ու այս պրոցեսը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Երեւան-Գորիս ճանապարհը գորիսցիները փակել են այն պատճառով, որովհետեւ գիտեն, որ իրեն լավ են ընդունելու այդ քաղաքներում։

«Գործարք եմ առաջարկում, թող բացեն ճանապարհը, գնանք տեսնենք՝ ինչ տրամադրություն է այդ քաղաքներում։ Եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք։ Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, դուք շատ ավելիին եք արժանի, ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը չի կարողացել անել եւ երկիրը հասցնել նրան, ինչին արժանի եք»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այցելելու է Կապան, Գորիս եւ Մեղրի քաղաքներ, սակայն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ եղավ միայն Սառնակունք գյուղում, ապա Սիսիան քաղաքում։ Սիսիանի եկեղեցիում տեղի ունեցավ միջադեպ. եկեղեցու քահանան ցուցադրաբար հրաժարվեց սեղմել նրա ձեռքը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գորիսի բազմաթիվ բնակիչներ փորձում էին փակել Սյունիք մտնող ճաապարհը՝ Զանգերի հատվածում, սակայն մեծաքանակ ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը եւ թույլ չէին տալիս նրանց հասնել Զանգեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալվել է։