Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արտակ Բեգլարյանը կարծում է, որ պետական համակարգում նոր պաշտոնում նշանակվելով կարող է ավելի արդյունավետորեն ծառայեցնել իր ներուժը հայրենիքին ու ժողովրդին՝ անմիջական կերպով մասնակցելով առկա ճգնաժամի հաղթահարման ջանքերին: Բեգլարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով հրաժարականի իր դիմումին:

«Նշեմ, որ շարունակում եմ պաշտոնավարել, քանի դեռ մեկշաբաթյա ժամկետում չեմ ներկայացրել երկրորդ դիմումս և Ազգային ժողովի նախագահը հանդես չի եկել հայտարարությամբ: Հրաժարականս պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով, որին համաձայնվել եմ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Թեև շատ դժվար որոշում էր, քանի որ քաջ գիտակցում եմ Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը հատկապես այս ժամանակաշրջանում, սակայն, կարծում եմ, նոր պաշտոնում կարող եմ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին՝ անմիջական կերպով մասնակցելով առկա ճգնաժամի հաղթահարման ջանքերին»,-նշել է Բեգլարյանը:


Նա այս որոշման մանրամասն հիմքերը, գործունեության հակիրճ ամփոփումը և առկա իրավիճակի վերաբերյալ դիտարկումները կներկայացնի դեկտեմբերի 23-ին կայանալիք ասուլիսում:

«Այս պատասխանատու դիրքը թողնում եմ պարզ ճակատով ու մաքուր խղճով, քանի որ պաշտոնավարման երկու տարվա ընթացքում ներդրել եմ իմ աշխատանքային ու անձնական առավելագույն ներուժը մարդու իրավունքների պաշտպանության և պետության ամրացման գործում: Չկա որևէ դրվագ, որում ես դավաճանած կլինեմ իմ արժեքներին, սկզբունքներին ու առաքելությանը, սակայն նաև ընդունում եմ թույլտրված սխալներս ու բացթողումներս»,-վստահեցրել է ՄԻՊ-ը:

Նա նաև շեշտել է, որ միշտ եղել է բաց ու անկեղծ քաղաքացիների հետ, ուղղախոս ու պահանջկոտ՝ պաշտոնյաների հետ և առաջնորդվել է ոչ միայն աջակցելու, այլ նաև չվնասելու սկզբունքներով: Բեգլարյանը նշել է, որ իրենց ճանաչող անձինք լավ գիտեն, որ մարդկանց ծառայելն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իր պարտականությունն է, այլ նաև՝ իր էությունը:

Բեգլարյանն իր երախտագիտությունն է հայտնել յուրաքանչյուր անձի ու ինստիտուտի, ում հետ անցել է պատվաբեր ծառայության ճամփան: Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, նաև Հայաստանի իր գործընկերոջը՝ Արման Թաթոյանին, իրեն վստահող քաղաքացիներին:

«Ես թողնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, բայց ոչ երբեք մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը. ես իմ էությունից ու արժեքներից երբեք չեմ հրաժարվելու: Այնպես որ, ուր էլ լինեմ, ծառայելու եմ, ընդհանուր առմամբ, նույն նպատակներին և նույն սկզբունքներով՝ ավելի ու ավելի բազմապատկված եռանդով և ավելի հղկված հմտություններով, առավել ևս՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում»,-եզրափակել է Բեգլարյանը: