ԱՊՀ պետությունների ղեկավարների Վեհաժողովում Բաքվի ղեկավար Ալիևի ելույթի մեջ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հիշատակումը ուներ, անշուշտ, մի քանի նպատակ, տարբեր տրամաչափի:

Խոսքն այն դրվագի մասին է, երբ Էրդողանի խամաճիկը հայտարարում էր, թե հայկական բանակի վրա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի անարդյունավետությունը չէ, այլ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի: Ալիևի նպատակներից մեկն, անշուշտ, այդօրինակ հայտարարություններով Հայաստանի ներքաղաքական և հասարակական տրամադրությունների վրա ազդեցությունն ու «հեռակառավարումն» է: Կա նրա այդ նպատակը կամ ակնկալիքը չարդարացնելու մեկ միջոց:

Հայաստանում հանրությունը, ներքաղաքական դերակատարները կարող են միմյանց ունենալ ամենատարբեր հարցեր, պահանջներ, հարցադրումներ, մեղադրանքներ, կոշտ քննադատել միմյանց, ընդդիմախոսել, բայց այդ ամենում նրանցից որևէ մեկը չպետք է որևէ մյուսի հասցեին անդրադառնալիս հղում անի Ալիևին կամ նրա որևէ պաշտոնյայի: Հայկական կյանքում դա պետք է լինի երկաթե կանոն:

Ցավոք, չի եղել այդպես տարիներ շարունակ: Ալիևի հայտարարության ավելի խոշոր տրամաչափի նպատակը, սակայն, հասցեագրված է թերևս ոչ թե Հայաստան, այլ Ռուսաստան, լինելով գործնականում «դիվանագիտա-դրացիական» ապտակ այդ երկրի նախագահ Պուտինին:

Այլ կերպ, քան ապտակ, հնարավոր չէ գնահատել այն, երբ ԱՊՀ Վեհաժողովում գերակայի կարգավիճակ ունեցող Պուտինը ստիպված է լսել, թե Էրդողանի խամաճիկի կարգավիճակում հայտնված Ալիևն ինչպես է հեգնում ՌԴ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող Հայաստանին, ու նաև, օրինակ, ՌԴ նախագահ Պուտինի ընկերոջ կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանին:

Բանն այն է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը 2․5 տարիների ընթացքում ռուսական պրոպագանդայի և Հայաստանում Ռուսաստանի և Պուտինի ընկերների ու բարեկամների շուրթերով պիտակավորվեց իբրև «հակառուսական» կամ «սորոսական», ապա Սերժ Սարգսյանի և առավել ևս Ռոբերտ Քոչարյանի հասցեին, անշուշտ, անհնար է անել այդպիսի բնորոշումներ:

Ահա այդ համատեքստում, Ալիևը խոսելով հայկական բանակի, Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի մասին, Պուտինին ակնարկում է, որ պարտվել է ոչ միայն «հակառուսական» Փաշինյանը, այլ նաև Ռուսաստանի ընկեր ու բարեկամ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Հարցը տվյալ դեպքում Ալիևի «ախտորոշման» ճշմարտացիությունը չէ, որքան էլ հայկական պարտությունն ունի խորքային և հանգամանալից վերլուծության կարիք՝ ապագայում հաղթանակի վերածվելու համար: Հարցը Ալիևի նպատակն է՝ ԱՊՀ Վեհաժողովի առաջ ի ցույց դնել Պուտինի պարտությունը: Դրանով, անշուշտ, Ալիևը փորձում է մեղմել իր պարտության գիտակցումը, որ Բաքվում գալիս է ժամանակի հետ՝ Արցախը Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը Թուրքիային հանձնելու առումով: Սակայն, դա, իհարկե, այլ պատմություն է, մեկ այլ շերտ:

Վերադառնալով Էրդողանի խամաճիկի հայտարարության նպատակի հիմնական տրամաչափին, ապա հարկ է արձանագրել. Ալիևը արցախյան պատերազմի մեզ համար ցավագին արդյունքի մատնանշումով և այդ համատեքստում Պուտինի պարտության մասին ակնարկով, ազդակ է հղում Վեհաժողովի մասնակից մյուս երկրների՝ թյուրքալեզու գերակշռող մեծամասնությամբ, որ կա Պուտինի հանդեպ հաղթանակի նախադեպ և հնարավորություն:

Այլ կերպ ասած, ԱՊՀ թյուրքալեզուների համար Ալիևն անում է Էրդողանի գովազդ, անշուշտ, ոչ առանց վերջինիս համաձայնության և գուցե նույնիսկ ուղիղ ցուցումի: Այլ կերպ ասած, Ալիևի ելույթը ԱՊՀ Վեհաժողովում, հետխորհրդային տարածքում թյուրքական բունտի կոչ էր, առնվազն նախաբան՝ հիմնական կոչից առաջ:

Աղբյուր՝ http://infosarm.ru/archives/90780