Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում մանրամասնեց, որ մարզում այժմ էլ դեռ շարունակվում են սահմանազատման աշխատանքները, խոցելի հարցեր կան հատկապես մեր կողմից, իսկապես անհնարինության հասնող հարցեր: Մարդիկ անհանգիստ են, լարված է իրավիճակը, ապագայի նկատմամբ լիահույս չեն: Նա շեշտեց, որ սահմանազատումն իրականացվում է ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: «Կաʹմ բնակիչները, տվյալ տարածքի տերերն են բանակցությունների գնում ռուսների ու ադրբեջանցիների հետ, կաʹմ էլ ՏԻՄ ներկայացուցիչները»,- ասաց նա: Հարցին՝ ինչպես է կայանում երկխոսությունը սահմանզատման հարցերի շուրջ, զրուցակիցն ասաց, որ հայկական կողմը ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի գալիս. «Ադրբեջանական կողմն ունի քարտեզ, ոչ այն ՋիՓիԷս-ը, որի մասին խոսվում է: Այդ քարտեզով նա գծելով գալիս է, և հայկական կողմը ոչ մի մետր իր օգտին չի լուծում: Երբևէ չեմ լսել, որ պետության կողմից որևէ ներկայացուցիչ գա ու մասնակցի սահմանազատմանը»: Ըստ զրուցակցի՝ տարածքը մահվան գոտու է վերածվել, և եթե տարեց սերունդն ասում է, որ շարունակելու է ապրել իր տանը, ապա երիտասարդները բացառում են այս պայմաններում իրենց հետագա կյանքը: «Մոռացեʹք այդ համակեցություն ասվածը, չի լինելու, մեր բնակիչները պատրաստ չեն, բոլորը պատրաստ են ամեն ինչի, բացի համակեցությունից»,- վստահեցրեց նա:

Առավել մանամասն՝ տեսանյութով: