Անհետ կորած զինվորի հորեղբայր Սերգո Գալստյանը, ով այսօր` դեկտեմբերի 25-ին, 15 հոգանոց խմբի հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ոչ մի հարցի վերաբերյալ բավարար պատասխան չեն ստացել:

Գալստյանը նշել է, որ վարչապետը մինչև երեքշաբթի ժամանակ է խնդրել անհետ կորածների հարազատներից. «Երեքշաբթի օրը մենք նորից այց ունենք կառավարություն` վարչապետից ստանալու ռեալ պատասխաններ, և մենք պահանջելու ենք, որպեսզի հստակ ժամանակով և օրով մեզ ասի` որը որից հետո է»,- ասաց նա:
Անհետ կորածի հորեղբայրը նաև նշեց, որ կառավարության անդամներին խնդրել են, որ ամեն ինչ արվի թափանցիկ, որպեսզի հայ ազգը հասկանա` ինչ է իրականում կատարվում:

«Եթե ունենք կառավարություն, թող թույլ տան բաց, տետ-ա-տետ հանդիպում, որպեսզի բոլորին հասանելի լինի: Նորից կարող ենք գալ 5-10 ծնողով, բայց թող լինի թափանցիկ»,- ընդգծեց նա: