Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ տանող ճանապարհն ամբողջովին գտնվում է ադրբեջանական նշանառության տակ, ինչի հետևանքով վերջին օրերին գրեթե շրջափակման մեջ են հայտնվել Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց գյուղերը։ Այս գյուղերում մարդիկ ստիպված են Կապան գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհից, որն անբարեկարգ վիճակում է։

«Այնպես չէ, որ գյուղերում խուճապ կա, բայց մարդկանց տրամադրությունը լավ չէ, անորոշ վիճակում են։ Մոտ 70-80 տոկոսով դժվարացավ մեր մարզկենտրոն գնալ-գալը»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Եղվարդի նախկին գյուղապետ Սպարտակ Զաքարյանը։ Նա նշեց, որ ճանապարհը չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ, պարզապես նշանառության տակ է, պաշտպանության նախարարությունն էլ մարդկանց ասել է, որ այդ ճանապարհով չերթևեկեն։ «Ռուսական պոստում մեզ չեն ասում՝ մի գնացեք, բայց քանի որ հրահանգվել է չօգտագործել այդ ճանապարհը, պարզ է, որ վտանգ կա։ Իսկ բանակցող չունենք։ Ես ուղղակի փառք եմ տալիս Աստծուն, որ գոնե ունենք համայնքի ուժեղ ղեկավար, եթե անկախանայինք, հաստատ ավելի լավ վիճակում կլինեինք», նշեց Զաքարյանը։

Վերոնշյալ համայնքները Կապան խոշորացված համայնքի կազմում են։

Ըստ նրա՝ այլընտրանքային ճանապարհը հապշտապ կառուցվել էր 1990-ականների պատերազմի ժամանակ։ «Անորոշ ճանապարհ է, քարուքանդ, անցանելիությունը շատ դժվար, մանավանդ, որ եղանակները ցուրտ են։ Երևի արդեն շրջափակման մեջ ենք մնում, մինչև կբացեն ճանապարհը»,- հավելեց Սպարտակ Զաքարյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո սյունեցիները սահմանային դիրքերն ամրացրել էին՝ հնարավոր ոտնձգություններից պաշտպանվելու համար։ «Ուղղակի մեզ ասացին՝ դուք գիտեք, ուզում եք կանգնեք, բայց հույս չունենաք, որ մենք կգանք ձեզ օգնության։ Ասացին՝ հետ եկեք մեր նախկին սահմանները։ Մենք գիտեինք, որ մոտենալու են մեր բնակավայրերին, որպեսզի թուրքն իր խուժանությունը չաներ, մենք անվտանգության գոտի էինք ստեղծել։ Բայց մենք այդ անվտանգության գոտին պետական մարմինների համաձայնությամբ ենք ստեղծել, ինքնագլուխ չենք ստեղծել։ Մեզ ասացին՝ գնացեք, ինչքան հնարավոր է այդ բուֆերային գոտին ստեղծեք։ Մարդիկ էլ միլիոններ են ծախսել այնտեղ, դիրքեր, թաքստոցներ են կառուցել։ Ես չեմ կարա ասեմ՝ սա դիտմամբ արվեց, թե ուղղակի իրենք իրենց տեղում չեն, չգիտեն շուրջն ինչ է կատարվում»,- նշեց նա։

Սպարտակ Զաքարյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի իշխանությունն այս դիրքն ընդունել։ «Ես չեմ կարծում սա պատահական է։ Սա կազմակերպված է արվում, ես ըտենց եմ տեսնում։ Եթե կազմակերպված չլինի, մենք պետության շունչը կտեսնենք, կգան, մարդկանց անորոշ վիճակի մեջ չեն թողնի։ Անընդհատ փնովում են նախկիններին, բայց նախկինները միշտ գալիս շրջում էին, մեր դարդն ու ցավը գիտեին։ Իսկ այսօր մենք պետությունից ընդհնարապես կտրված ենք»,- նշեց նա։

Նախկին գյուղապետի խոսքով՝ մարդկանց գյուղում պահելու ծրագրեր պետք է իրականացվեն։ «Ես ինքս իմ կապերն էլ եմ օգտագործում, նախկին ծրագրերն իրականացնողների հետ կապվել եմ, ասում եմ՝ ձեր առաքելությունը պիտի փոխեք, այսինքն՝ պետք է տնտեսապես էս մարդկանց օգնեք, որ նրանք մոռանան գյուղից գնալու մասին։ Մարդը պիտի հաց աշխատի, որ մնա։ Հո սահմանամերձ գյուղն անընդհատ դատապարտված չէ մնալ սահմանապահ, թիկունքում ինքը պետք է խաղաղ աշխատանքով զբաղվի, մարդը պետք է աշխատանք ունենա»,- ասաց նա։

Իրենց գյուղացիների համար, Զաքարյանի խոսքով, այսօր լրացուցիչ խնդիր է այն, որ մշակվող հողատարածքներն ու արտավայրերը թշնամու նշանառության տակ են հայտնվել։ «Իրենց վերահսկողության տակ անցած հողեր չունենք, բայց նշանակռության տակ գտնվող հողեր ունենք։ Նայած թե թշնամին իրեն ոնց կպահի, դրանից է կախված այդ հողերը մշակելու խնդիրը։ Այսպիսի տեսակետ կա, որ եթե սահմանին լինեն միայն սահմանապահներ, ուրիշ ուժեր չլինեն, կարող է հանգիստ վիճակ լինել։ Ուղղակի իրենց վիճակը մեզանից լավ է, քանի որ մենք թիկունքում ունենք բնակավայրեր, իրենք չունեն։ Իրենք կորցնելու բան չունեն»,- նշեց նա։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/27/611395/