«Առավոտ»-ի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի բացառել, որ արցախիցները ռուսական անձնագրեր կստանան։ Նա ասել է, որ Արցախը չի ստորագրել եռակողմ համաձայնագիրը եւ հիմա սպասում է իր հարցերի պատասխաններին։

Անձնագրերի ու Արցախի ապագայի հարցը հիմա ամենաակտուալն են, եւ քաղաքական որոշումը չպետք է խախտի Արցախի բնակիչների ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ղեկավարությունը պետք է հստակ պատասխանի՝ արդյոք Արցախն ուզում է հայկական մնալ եւ կապված լինել Հայաստանի հետ, թե՞ պատրաստ է այլ տարբերակներ էլ քննարկել։

Հայերը գնահատում են, որ Ռուսաստանը կանգնեցրել է արյունահեղությունը, բայց ո՞րն է Մոսկվայի նպատակը։ Այդ նպատակների թվու՞մ է Ղարաբաղի «անարյուն» կլանումը, օրինակ, ռուսական անձնագրերի բաժանման միջոցով։ Դա չի՞ ավարտվի Ռուսաստանի կազմ Արցախի մտնելու մասին «խնդրանքով»։

Հայաստանում ու Արցախում շատ շրջանակներում այդ սցենարը ներկայացվում է գրեթե որպես փրկություն։ Պուտինը բազմիցս ասել է, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ Ղարաբաղն ադրբեջանական հող է»՝ ակնարկելով, որ Արցախի համար Ռուսաստանին այլընտրանքը «վերադարձն» է Ադրբեջանի կազմ։ Հայաստանը դուրս է բերվում խաղից, դրա հետ միասին էլ հարցը՝ արցախցիներին կզրկե՞ն հայկական անձնագրերից։

Ռուսաստանը չի ուզում հայտարարել Արցախի միացման մասին, որովհետեւ կստացվի, որ «օկուպացրել է ադրբեջանական հողեր»։ Բայց կարելի է փորձել արցախցիներին ռուսական անձնագրեր բաժանել ու տիրանալ ռազմավարական տարածքի։ Դա կլինի, թերեւս, ամենաանարյուն օկուպացիան Ռուսաստանի համար։ Քանի՞ ռուս զինվորական է զոհվել Արցախի համար։ Իսկ քանի՞ հայ մարտիկ է զոհվել, որ այս հողը հայկական մնա։

Ի տարբերություն Մոսկվայի՝ եվրոպական երկրներում կասկածում են, որ «Արցախն Ադրբեջանի տարածք» է, եւ բանաձեւեր են ընդունում՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց Արցախի կարգավիճակի մասին խոսելու Արեւմուտքի փորձերը լռության են մատնվում ոչ միայն Մոսկվայում ու Բաքվում, այլ նաեւ Երեւանում ու Ստեփանակերտում։

Արցախը ցանկանում էր միավորվել Հայաստանի հետ։ Հիմա, ինչպես Պուտինն ու Ալիեւն են նշում՝ արցախյան հակամարտություն այլեւս չկա՝ Արցախը կտրվել է Հայաստանից։ Մնում է հաջորդ քայլը՝ կարգավիճակի որոշումը, որը կապված չի լինելու Հայաստանի հետ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/29/611706/