Lragir.am- գրում է.  Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի ներկայիս դե ֆակտո ղեկավար Վիտալի Բալասանյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին. «Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն»։

Վիտալի Բալասանյանի այս որոշումը ճիշտ կլինի տարածվի Հայաստանի պաշտոնատարների եւ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի վրա, ով Ֆեյսբուքի իր վերջին գրառումն ըստ ամենայնի արել է հենց Բալասանյանի հարցազրույցի կապակցությամբ, որտեղ նա խոսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում պատերազմի ու կորուստների մասին: Ավելին, Նիկոլ Փաշինյանին պետք է արգելել ոչ միայն գրառումներ անել, այլեւ կարդալ գրառումներ, թերթեր, կայքեր:

Բալասանյանի որոշ մտքերի իհարկե կանդրադառնանք առանձին, արդեն նրա «առաքելության» շրջանակում:

2,5 տարի իշխանության լինելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել լրագրողական բարդույթներն ու սովորույթները եւ պետական կառավարման, որոշումների կայացման հարցերում շատ դեպքերում առաջնորդվում է դրանցով: Ներսից արտահոսքերից պարզվում է, որ շատ որոշումներ նույնիսկ չեղարկվել են ինչ որ հրապարակումներ կարդալուց հետո:

Սա հասարակական կարծիքին հետեւել չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ հոգեբանական կախվածություն ու վախ «էլիտար շրջանակների ներքին խոսակցություններից»: Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը հենց դրա ամենավառ դրսեւորումներից մեկն է՝ Արցախն օկուպացված է, Հայաստանի ինքնիշխանությունից ոչինչ չի մնացել, միեւնույն ժամանակ՝ ծառացած ահռելի մարտահրավերների պայմաններում բացվում են նաեւ լայն հնարավորություններ իրավիճակը շտկելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «էլիտար վեճը նախկինների հետ»:

Ի դեպ, հենց նրա բարդույթներով ու վախերով էլ պայմանավորվեց նոր իշխանության ձեւավորումն Արցախում, որն ավելի շատ կարկատան էր հիշեցնում, քան քաղաքական ամբողջություն, որն ընդունակ չէր դիմակայել որեւէ մարտահրավերի եւ ի վերջո վերածվեց կոլաբորացիոն խմբակի:

Գրառման բովանդակությանը չենք անդրադառնում դրա անհամարժեքության ու պարզամտության պատճառով, եւ հենց այդ մակարդակի պատկերացումները, մտածողությունն ու քաղաքականությունն է հանգեցրել ներկայիս իրավիճակին: Վաղուց արդեն ոչ միայն ներքին «էլիտար շրջանակները», այլեւ արտաքին ոխերիմ բարեկամներն ու թշնամիներն են օգտագործում այս հանգամանքները Հայաստանի հանդեպ իրենց ծրագրերն անարգել առաջ տանելու համար:

Նիկոլ Փաշինյանն իզուր է վիճում իր նախորդների հետ՝ նրա քաղաքականությունը նույն արտաքին հարցերում չի տարբերվում նրանցից, իսկ գրառման մեջ նրա անկեղծացումները ռուսական պլանների, պատերազմի, Արցախի ճանաչման եւ այլնի մասին չեն տարբերվում իր նախորդի անկեղծացումներից:

Համարժեք ղեկավարը կպատասխաներ կոնկրետ մարդկանց, սահմանների համար կռիվ տվող համայնքապետերի, տներից զրկված արցախցիների հարցերին, ոչ թե կփորձեր պատասխանատվությունը «կիսել» իր պես արդեն անցյալում մնացած ու մարգինել շրջանակների հետ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/29/611718/