Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախօրեին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում անդրադարձավ արդարադատությանն ու դատական համակարգերին առնչվող գործընթացներին։
Պատգամավորի խոսքերով՝ արդեն մի քանի շաբաթ է՝ մեր երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին կոչեր են հնչում հրապարակներում և լրատվամիջոցներում: Այդ հայտարարության հեղինակները՝ անխտիր բոլորը, հանցագործություն և ահաբեկչություն հովանավորող դատավորների շնորհիվ շարունակում են գտնվել ազատության մեջ։ «Ես չգիտեմ աշխարհի որևէ այլ երկիր, որտեղ դատական իշխանությունը անթաքույց կպաշտպանի պետական ահաբեկչությունը և իր որոշումներով կանաչ լույս կվառի նրանց համար: Դատական իշխանությունը Հայաստանում աջակցում է նոր Հոկտեմբերի 27, նոր պետական ահաբեկչության հնարավորություն: Սա եղել է ձեր իշխանության ամբարտավանության, պոռոտախոսության և ինֆանտիլության արդյունքում»,- հայտարարեց Բաբաջանյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ դատական իշխանությանն այլևս վեթինգը չի փրկի։ «Միայն լյուստրացիա պետք է իրականացվի, և պետք է բացահայտվեն դատավորների գործակալական ցանցերի անդամ լինելու, բանդաներին ուղղակի սպասարկելու առնչությունները: Այս ամենը սկիզբ դրվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունից հետո: Պետք է հայտարարել, որ մենք կասեցնում ենք իրավական-քաղաքական այս ընթացքը: Պետք է գնալ շատ կտրուկ վիրաբուժական քայլերի»: Ըստ Բաբաջանյանի՝ պետությունը ոչնչացնելու նոր ճակատ է բացվել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան երեկ իր ասուլիսի ժամանակ պատասխանել է Բաբաջանյանին։ Ըստ Վարդազարյանի՝ Բաբաջանյանի ասածներն իրենց մեջ պարունակում են քրեական հանցակազմ, իսկ դրա համար կա օրենքով նախատեսված գործընթաց՝ հաղորդում հանցագործության մասին, դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն։ Ըստ նրա՝ եթե Արման Բաբաջանյանը վստահ է, որ ինքը ճիշտ է, ապա, համապատասխան ընթացակարգն ապահովելով՝ կարելի է պրոցես սկսել, քանի որ պետական հեղաշրջմանն աջակցելը քրեական հետապնդում նախատեսող գործընթաց է: «Եթե սա զուտ քաղաքական ելույթ է՝ օգտագործելով ԱԺ բարձր ամբիոնը, ապա պարոն Բաբաջանյանը չի դիմի և չի տա հաղորդում հանցագործության մասին: Եթե վստահ է, իրոք մտահոգված է կամ կասկած ունի, ապա ես այդ հայտարարության իրավական մեխանիզմը ցույց տվեցի»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համակարծիք է պատգամավորի հետ և այսօր դատական համակարգի կողմից շատ կոնկրետ աջակցություն կա փողոցում հայտնված քաղաքական ուժերին։ «Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև դատական համակարգը և փողոցում գտնվող 17 ուժերը վաղուց դաշնակիցներ են։ Այդ մասին դեռևս ամառը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով տուժողների ներկայացուցիչն էր հայտարարել։ Նա նաև հայտարարել էր, որ այլևս տեղի չի համարում դատական նիստերին մասնակցելը, քանի որ դատարանն այլևս, ըստ էության, արդարադատություն չի իրականացնում։


Խիստ սպասել էր, որ այսպիսի մի առիթի դեպքում նրանք միավորվելու էին»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ իրեն հայտնի են տեղեկություններ, որ դատավորներ կան, որոնք հրապարակում գտնվող ուժերի ցույցերին են մասնակցում։ «Կողմնորոշումն ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ այս ամենը պարզապես դատական համակարգի բարեփոխման խորքային ձախողման արդյունք է։ Վերջերս լսում էի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարցազրույցը և դարձյալ շատ տխրում եմ, որ սխալը ընդունելու որևէ փաստի ականատես չեղա։ Անգամ այն, որ իրենք ուղղակի սխալ ուղղությամբ տարան իշխանությանը՝ հավաստիացնելով, որ դատական համակարգը ինքնուրույն կմաքրվի, կառողջանա։ Դրանք ուղղակի սին հույսեր էին և ամենաչնչին առիթով ջարդուփշուր եղան»,- ընդգծեց փաստաբանը։

Հակոբյանի խոսքերով՝ անկախ ամեն ինչից, պետք է խորքային բարեփոխումներ անել։ «Ուղղակի հիմա ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ես դժվար եմ պատկերացնում, թե այս իրավիճակում բարեփոխումներն ինչպես պետք է իրականացվեն, քանի որ, եթե բարեփոխումներ չարվեն, ուրեմն ընտրական գործընթացների վրա դա շատ բացասաբար կանդրադառնա։ Դատական համակարգի ուղղությամբ որոշակի քայլեր պետք է ձեռնարկել և պետք է հասկանալ, թե ինչպես ու կոնկրետ ինչ ծավալով»,- ասաց Հակոբյանը։

Փաստաբանի խոսքերով, եթե ամեն ինչ այսպես մնա, ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայումս բռնություն քարոզող ուժերի ներկայացուցիչները, օրինակ, սկսեն հաշվեհարդար տեսնել դիտորդների, այլ ուժերի վստահված անձանց հետ, ապա մեծ է հավանականությունը, որ դատարանները կսկսեն իրավախախտներին դատարանի դահլիճներից ազատ արձակել և այլն։ Ու ականատես կլինենք բավական տխուր իրողությունների։ «Այսօրվա իրողությունները հենց այդ սցենարն են կանխատեսում»,- եզրափակեց փաստաբանը։