Դատախազությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել պատերազմում զոհված զինծառայողներից մեկի ծնողի հաղորդման հիման վրա, որի շրջանակում ձերբակալվել է հրամանատարը: Ըստ հաղորդման, նա անօդաչու թռչող սարքի ձայնի լսելիության պայմաններում հրաման է տվել ավտոմեքենայից իջած եւ ցրված զինվորներին նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը: Դրա հետեւանքով ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 18 զինվոր:

Քննությունը պետք է պարզի, թե ինչ է եղել իրականում, եւ ինչու: Գործ ունենք սարսափելի ոչ կոմպետենտության, անպատրաստության, հանցավոր անփութությա՞ն, թե որեւէ այլ բանի հետ:

Միեւնույն ժամանակ, ողբերգական դրվագը արտահայտում է Արցախի դեմ պատերազմում հայկական պարտության շերտերից մեկը: Հակառակորդի ԱԹՍ-ները թույլ չեն տվել հայկական զինուժի «ծավալում»: Դա բերել է այսպես ասած «կոնվենցիոնալ» պատերազմում թշնամու առավելության: Իհարկե, դրան հասել են ոչ միայն ԱԹՍ-ների, այլ նաեւ ինտենսիվ, չափազանց խիտ հրթիռահրետանային հարվածների եւ արկակոծման միջոցով:

Զոհերի թվում եղել են կրտսեր սպայակազմի մեծ թվով ներկայացուցիչներ, ինչն իր հերթին քանդել է հրամանատարական ուղղահայացը:

Մասնագետները դեռ երկար պետք է ուսումնասիրեն պատերազմը, եւ զուգահեռ նաեւ քրգործերը պետք է պարզեն, թե ինչն է եղել պարզապես սխալ, ինչը հանցավոր անփութություն եւ ինչը միտումնավոր դավաճանություն կամ դիվերսիոն, քայքայիչ գործունեություն թիկունքում, ում կողմից եւ ինչ ծավալներով:

Դատելով պատերազմի մասնակիցներից շատերի պատմություններից, ուրվագծվում է գլխավոր խնդիրը, ինչն իհարկե դեռեւս պետք է ստանա մասնագիտական հաստատում կամ հերքում:

Խոսքը կառավարման համակարգի մասին է: Հարավում պաշտպանական գծի ճեղքումը ինքնին թերեւս չունենար վճռորոշ ազդեցություն հետագա փլուզման հարցում, եթե դրանից հետո չփլուզվեր պաշտպանական կառավարման համակարգը՝ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Սա էլ իր հերթին մասնագիտական դիտարկման եւ ուսումնասիրության առարկա է, սակայն գլխավոր խնդիրը թերեւս այն է, որ հայկական բանակի կառավարումը հետխորհրդային ժամանակահատվածում հիմնվել է ռուսական մոդելի վրա, ինչը գործնականում անկենսունակ է «մոբիլ» պատերազմների պարագայում: Ընդ որում, դա վերջերս հաստատել է նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, հորդորելով զինուժին ուսումնասիրել ժամանակակից պատերազմների փորձը: Խնդիր է նաեւ ռուսական սպառազինության որակների հարցը, որը նույնպես խոստովանում են ռուսական շրջանակները:

Իսկ Արցախի դեմ պատերազմը եղել է «մոբիլ»: Հայկական բանակը այլ պատերազմ չէր էլ վարելու, ըստ այդմ հայկական բանակի կառավարման հիմքում պետք է դրվեր «մոբիլ» պատերազմի տրամաբանությունը: Պետք է նկատել նաեւ, որ եղել են այդպիսի փորձեր՝ ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի համատեքստում: Սակայն դրանք չեն անցել «կոսմետիկ» մակարդակից այն կողմ, առավել եւս այն բանից հետո, երբ Ռուսաստանը ստիպեց Հայաստանին էապես սահմանափակել ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծավալը:

Ներկայում Հայաստանի առաջ նոր բանակի խնդիր է՝ կկարողանա՞ Հայաստանը լուծել այդ հարցը Ռուսաստանից անկախ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/30/612023/