Այսօր՝ հունվարի 1-ին, 21-րդ դարի Հայաստանում ծնված առաջին հայը՝ Դավիթ Ուզունյանը, կդառնար 20 տարեկան։ Դավիթը նահատակվել էր հոկտեմբերի 1-ին՝ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ։

Ծնողներն ի սկզբանե գիտեին, որ տղա են ունենալու, անունն էլ որոշել էին՝ Դավիթ, բայց չէին մտածում, որ հունվարի 1-ին է ծնվելու իրենց Դավիթ որդին։

2001 թվականին հունվարի 1–ին՝ լույս 31-ի գիշերը, լույս աշխարհ եկավ Դավիթը, ծնողներն այնքան երջանիկ էին, որ նրանց մտքով չէր անցել՝ ի դեմս Դավիթի՝ Հայաստանում ծնվել է 21-րդ դարի առաջին հայը։

«Այդ ժամանակ մարդիկ շատ էին վիճում, թե որն է դար համարվում, 2000, թե՞ 2001 թվականը։ Ես միշտ ասում էի՝ 2000 թվականը նախորդ դարի վերջն է, և 2001 թվականը 21-րդ դարի սկիզբն է։ Դավիթի ծնվելուց մեկ օր անց գնացի հիվանդանոց, հիվանդանոցից զանգեր էին անում, թե դարի առաջին երեխան մեր հիվանդանոցում է ծնվել, ծնողների ազգանունն էին հարցնում, ու երբ իմ ազգանունը լսեցի՝ մոտեցա, հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել, պատասխանեցին, որ առաջին երեխան է ծնվել՝ ուշադրություն չդարձրեցի։ Երբ գնացի Դավիթի ծննդյան վկայականը հանելու, տեսա՝ 01-01-01, ինձ համար բացահայտում եղավ, որ իմ երեխան 21-րդ դարում մեր երկրում առաջինն է ծնվել։ Պետությունը մեզ վկայագիր տվեց և խորհրդանշական ոսկյա զարդ, որն այսօր էլ գտնվում է Դավիթի սենյակում։ Միշտ եմ հպարտացել Դավիթի ծննդյան օրով, բայց Դավիթս փոքր ժամանակ ուշադրություն չէր դարձնում այդ օրվան։ Վերջերս էր սկսել այդ օրով հպարտանալ։ Պատմում էր, որ իրենց զորամասում մի տղա կա, որը ծնվել է 2000 թվականի հունվարի 1-ին, ու իրար հետ վիճում են, թե ով է դարի ծնունդը»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։

Մինչև չափահաս դառնալը Դավիթը տարբեր նախասիրություններ է ունեցել, նախ գնացել է երաժշտական դպրոց, դաշնամուրի բաժնում ուսանելու, որոշ ժամանակ անց հորն ասել է, թե չի ուզում դաշնամուր նվագել սովորել, ուզում է մարտարվեստով զբաղվել՝ կարատեով, որը նույնպես կիսատ է թողել ու սկսել ֆուտբոլ պարապել։ Հանդես էր գալիս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում և ունեցել մի շարք հաջողություններ։

Հոր խոսքով՝ Դավիթի համար իր ծննդյան օրվա լավագույն նվերը մայրիկի պատրաստած մանդարինով տորթն էր։ Սիրում էր ծննդյան օրն անցկացնել տանը՝ ընկերների հետ։

«Մի անգամ Դավիթը պատմեց, որ զորամասում ընկերներով պատմել են, թե փոքր ժամանակ ով ինչ չարաճճիություններ է արել, մեկն ասել է, թե հոր հեռախոսն է գողեցել, մյուսը, թե՝ դարակներն է փորփրել, Դավիթս էլ ասել է, թե փոքր ժամանակ որտեղ մանդարին էր լինում, ինքը տոպրակով վերցնում ու ուտում էր։ Ասում է՝ պապ, այդ պատմության ժամանակ մեկը եկավ զորամաս ու ասաց, թե մանդարին են ուղարկել։ Հետաքրքիրն այն է, որ ես զանգահարել էի իմ ծանոթներից մեկին ու ասել էի՝ կազմակերպեն, Դավիթիս մանդարին տանեն զորամաս, ու մանդարինը տեղ է հասել հենց այդ պատմության ժամանակ։

Դավիթը շատ ընկերասեր էր, կարողանում էր տարբեր տղաների համախմբեր ու դարձներ մեկ ընկերություն։ Ես միշտ իրեն ասել եմ՝ Դավ, դու առաջինն ես ու ամեն տեղ պետք է առաջինը լինես։ Գուցե այդքան էլ լավ չեմ արել, ու, թերևս, դա էր պատճառը, երբ դեպքը տեղի էր ունեցել, նա ընկերներին ասել էր, որ մնան թաքստոցում, իսկ ինքը կգնա վիրավոր ընկերոջն օգնելու։ Դավիթի առաջնահերթությունը ծառայելն էր, այլ բանի մասին չէր ուզում լսել, ծառայության ընթացքում ուզում էր նշանադրվեր, իսկ ծառայությունից հետո Ամերիկյան համալսարանում շարունակեր ուսումը»։

Դավիթն իր կյանքի 19 տարիներն ապրեց հետաքրքիր, արկածային ու անսովոր՝ ինչպես իր ծնունդն էր։ Սիրահարված էր հայրենիքին՝ սեփական դիմումի համաձայն մեկնեց ծառայության՝ Արցախի Հանրապետություն, սիրահարվեց Արցախին ու այնտեղի բնությանը, իսկ պատերազմի ժամանակ պաշտպանեց զինակից ընկերոջը, ինչպես կպաշտպաներ սեփական անձը, և զոհվեց արկի պայթյունից։

Ծնողների համար Դավիթը բազմաթիվ անակնկալներ ու նվերներ է արել, բոլորն էլ անմոռանալի, սակայն կա մեկ նվեր, որը Բագրատ Ուզունյանի խոսքով՝ մինչև կյանքի վերջ կհիշի։

«Մեր ամուսնության տարեդարձն էր, Դավիթը բանակից զանգահարեց, շնորհավորեց ու ասաց, որ նվերը ծիտիկները շուտով կբերեն։ Դավիթը գիտեր, որ ես ամեն կիրակի նայում եմ «Երաժշտական փոստարկղը», այդ հաղորդման ժամանակ շատ ծնողներ շնորհավորում են իրենց զինվոր որդիներին, դա է ինձ դուր գալիս, այդ օրը Դավիթը հաղորդման ժամանակ շնորհավորեց մեր ամուսնության տարեդարձը, ես ու կինս շոկի մեջ էինք։ Միշտ ընտրում էր այնպիսի նվեր, որ յուրահատուկ լիներ, ստանդարտ բաներ չէր նվիրում»։ 

Ծառայությունից Դավիթը երբեք չի դժգոհել, նույնիսկ պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, երբ ծնողները Դավիթի զորամասում էին՝ գնացել էին նրան տեսնելու, ասել էին, որ լարված իրավիճակ է, բայց Դավիթը ծնողներին հուսադրել էր, որ հանգիստ լինեն, նշելով, որ, եթե լարված վիճակ լիներ, իրեն թույլ չէին տա զորամասից դուրս գալ։

Սեպտեմբերի 26-ը Դավիթի ու ծնողների վերջին հանդիպումն էր, որից մեկ օր անց Դավիթը զենքը վերցրեց սահմանը պաշտպանելու, իսկ ծնողները որդուց կարոտները դեռ չառած՝ վերադարձան Երևան։ Երբ եկավ պատերազմի բոթը, ծնողները վստահ էին, որ մարտի դաշտում Դավիթի յուրաքանչյուր քայլը կշռադատված ու հաշվարկած է լինելու, նաև վստահ էին, որ սեփական կյանքով կպաշտպանի զինակից ընկերոջը՝ այդպես էլ եղավ։

«Դավիթը պատերազմի ժամանակ չի զանգահարել, իր զորամասն այնպիսի վայրում էր, որ կապ չկար։ Դավիթի զոհվելու մասին մենք իմացանք հոկտեմբերի 12-ին, բայց դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին։ Մի քանի շաբաթ առաջ եմ եկել Դավիթի զորամասից, հրամանատարն ինձ թույլ տվեց գնամ որդուս դիրքը տեսնեմ, նրա դիրքերն այսօր էլ են մեզ մնացել։ Ընկերները պատմեցին, որ թշնամին թիկունքից հարձակվել է, հասել են դիրքին շատ մոտ, կրակ են բացել ու փորձել են հետ գրավել այն։ Դավիթը մտնելով խրամատ՝ սողեսող 40-50 մետր անցնելով՝ մտնում է թշնամիների մեջ, նռնակ է նետում, որի արդյունքում վնասում է մի քանիսին ու բարեհաջող վերադառնում դիրք, սա եղել է սեպտեմբերի 27-ի երեկոյան։ Իսկ հոկտեմբերի 1-ին՝ կռվի թեժ պահին, ցանկացել է վիրավոր ընկերոջն առաջին օգնություն ցույց տալ, այդ ժամանակ էլ զոհվել է։

Հպարտ եմ, որ Դավիթի նման տղա ունեմ»։