Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է կիրառել հրատապ միջոց գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ, հայտնում են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը:

«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020, 30.12.2020 բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ», — հայտնում են նրանք:

Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս անձանց անունները:

Նշված անձինք են՝ Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրիկ Պողոսյանը։

«Վերը թվարկած անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին մեր պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ», — մանրամասնել է իրավապաշտպանը:

Հայկական կողմից եվրոպական դատարան ներկայացված դիմումներով պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները: Նրանցից 18-ն արդեն վերադարձվել են հայրենիք: