«Այս գործի քննության ժամանակ մի շարք քննչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն է ծագել, մասնավորապես՝ մի շարք կասկածյալների ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածի որոշ հանգամանքները հստակեցնելու առումով:

Այս կապակցությամբ Ադրբեջան հարցում է ուղարկվել միջազգային-իրավական օգնության ցուցաբերման մասին»,- «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման առիթով հարուցված քրգործին տեղեկացված աղբյուրը:

 

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերաորակավորել է գործը, և նախկինում ըստ էության թռիչքային անվտանգության կանոնների խախտման հատկանիշով հարուցված քրգործը ներկայում ընթանում է դիտավորյալ սպանության հատկանիշով:

Ակնառու է, որ վերաորակավորումը ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական նշանակություն, քանի որ խոսքը օտար պետության զինված ուժերի մասին է, ընդ որում՝ դեռ հարց է, թե որն է այդ օտար պետությունը՝ Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան:

Կամ՝ արդյոք միայն Ադրբեջա՞նը, թե՞ նաև Թուրքիան, որի զինվորականներ կան Նախիջևանում, որտեղից խոցվել էր Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի շարասյունն ուղեկցող ուղղաթիռը: Դա տեղի էր ունեցել բավականին ուշագրավ ժամանակահատվածում՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ փաստորեն քննարկվում էր եռակողմ համաձայնագրի և զինադադարի հարցը Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափում:

Առանց այդ էլ բավականին ինտրիգային այդ խոցումը՝ ժամանակահատվածի իմաստով, փաստորեն ստանում է նոր երանգներ, և ինտրիգն ավելի է սրվում: Մի քանի շաբաթ առաջ այդ առնչությամբ հարցադրում էինք արել մեր հրապարակումներից մեկում, թե արդյոք ուղղաթիռի հարցը Ռուսաստանը կօգտագործի՞ Նախիջևան, այսպես ասած, ուժային մուտքի համար:

Իհարկե, խոսքը ընդամենը իրավապահների մուտքի հնարավորության մասին է, սակայն, միևնույն է, փաստացի դա նշանակելու է ուժային բլոկի ներկայացուցիչների մուտք, եթե անգամ նրանք լինեն քննիչներ: Ի վերջո, քննչական գործողությունները վերաբերելու են տիրույթի, որը ռազմական է, և քննիչները կարող են առնչվել բավականին նուրբ հարցերի:

Փաստորեն այժմ կա տեղեկություն, համենայնդեպս՝ այն բաց է թողնվում ռուսական հեղինակավոր ռեսուրսի միջոցով, որ Մոսկվան Ադրբեջանին դիմել է իրավական փոխօգնության, քննչական գործողությունների համար՝ կասկածյալների շրջանակ պարզելու նպատակով:

Դա նախ նշանակում է, որ Մոսկվան քննության առումով անվստահություն է հայտնում Բաքվին և, բացի դրանից, աստիճանաբար մոտենում է Նախիջևան մուտք գործելու հավակնության ու ըստ էության հող նախապատրաստում դրա համար:

Աղբյուր՝ 1in.am