Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչեւ այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Առաջիկա աշխատանքային օրը հունվարի 8-ն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հենց ուրբաթ էլ գործադիրը կհաստատի այն։ Առաջարկն, ըստ Ալինա Նիկողոսյանի, արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։ «Օրական կտրվածքով մենք ունենում ենք հարյուրավոր դեպքեր, այդ իսկ պատճառով կարանտինը երկարացվում է»,- նշեց Նիկողոսյանը։