ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Իմ քայլի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշմանը:

Դրան կարելի է տարբեր կերպ մոտենալ, մեղադրել Հովսեփյանին, որ մանդատը վայր չի դրել, մեղադրել առնետավազքի մեջ եւ այլն, սակայն խոսնակի անդրադարձն ուշագրավ է այլ տեսանկյունից:

Նա գրել է, որ «եթե քվեաթերթիկի դարձերեսին չլիներ ԻՄ ՔԱՅԼԸ, 1. Նիկոլ Փաշինյան, չէր լինի աշխարհում Սոֆյա Հովսեփյան-պատգամավոր երևույթը»։

Կամ՝ «եթե իր հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»։

Հնարավոր է՝ խոսնակը ճիշտ է ասում, սակայն այս գրառումը վերածվում է ոչ թե Սոֆյա Հովսեփյանի, որն ի դեպ ամենաշատ մեծամասնական ձայներ հավաքած պատգամավորներից է, այլ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Իմ քայլը խմբակցության բնույթի վերաբերյալ խոստովանության, որովհետեւ նույնը կարելի է ասել նաեւ մյուս պատգամավորների մասին, թեեւ ՔՊ-ն պնդում էր մարդ-կուսակցություն չլինելու, մյուսներից տարբերվելու եւ այլ նման վեհ բաներ:

Փաստորեն, ըստ խոսնակի, ՔՊ-ն ու Իմ քայլը որպես կուսակցություն եւ խմբակցություն գոյություն չունեն, կա մեկ մարդ, մնացածը նրա ուսապարկերն են:

Ի դեպ, դա հատկապես ակնհայտ դարձավ հետպատերազմյա շրջանում, երբ 80-ից ավելի ուսապարկերը խորհրդարանում այդպես էլ որեւէ կերպ չանդրադարձան տեղի ունեցածին:

Նյութի աղբյուր՝lragir.am