«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի համար 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո անակնկալ չի լինի, եթե հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի կողմից մեկ այլ փաստաթուղթ ստորագրվի:

«Որքանով ծանոթ եմ մամուլից, ասում են, որ պետք է ստորագրվի, որ Արցախը բանակ չունենա, մեր կառավարության ներկայացուցիչները պետք է համաձայնություն վերցնեն Ադրբեջանից, որ գնան Արցախ, պետք է լուծվի Մեղրիի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումը:

Կարծում եմ՝ այս ամենը կարվի, քանի որ իրականությանը նայելով՝ ամեն ինչ սպասում եմ այսօր, որ կարող է արվել՝ առանց խղճի խայթ զգալու: Ես բոլորին, հատկապես՝ իրեն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- Ռ.Մ.), որ ինքը չգնա Մոսկվա, այսքան դեպքերից հետո բավական է:

Ինչքան մենք ստորացվել ենք, ինչքան մեզ ստորացրել են, ինչքան ժողովրդին վախեցրել են… ժողովրդին արհեստական ձևով վախեցրել են, որ մենք պատերազմը տանուլ տվեցինք, չէինք կարողանում կանգնեցնել. Դա սուտ է: Ժողովրդի 10-15 տոկոսը վախկոտ է, ի ծնե վախկոտ է, նրանց այդ իրավիճակը ձեռք է տալիս, որ՝ տեսեք, մենք չենք կարողացել կռվել: Իրականում, այդպես չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մանվել Եղիազարյանն առաջարկում է թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մեկնել Մոսկվա. «Եկեք՝ ամսի 11-ին գրավենք օդանավակայանը և թույլ չտանք նա գնա՝ ստորագրելու այս փաստաթուղթը: Ի՞նչն է նրան ստիպում՝ ստորագրել այս փաստաթուղթը, վաճառվե՞լ է, վախեցե՞լ, թե՞ անմեղսունակ է: Եթե վախեցել է, մենք անշահախնդիր կգնանք, կշրջապատենք իր տունը, օրերով կպահենք իրեն, որ ինքը չգնա այդ փաստաթուղթը ստորագրի:

Հասկանո՞ւմ եք՝ այնպիսի վիճակ է, որ, եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, միանգամից կարելի է աջուձախ բոլորին պատժել՝ առանց հարցնելու՝ նա մեղավո՞ր է, թե՞ ոչ, քանզի ամենամեծ մեղքը գործվում է արդեն. Արցախը տանուլ ենք տալիս, Հայաստանը դառնում է մի անողնաշար կենդանի: Ինչի՞ համար բանակը կարգի չեն բերում: Ասում են՝ այդ փաստաթուղթը պետք է ստորագրենք, որ գերիներին ետ բերենք. Ադրբեջանցիք 60 գերի են ցույց տալիս, բա որ վաղը նորից 60 գերի ի հայտ գա, Զանգեզուրը տա՞նք: Մի խոսքով՝ այդ փաստաթղթի ստորագրման համար արդարացում չի կարող գոյություն ունենալ: Այնպես որ, ինքը պարտավոր է իր անվտանգությունից ելնելով՝ Մոսկվա չգնալ»:

Նա ընդգծեց. «Ժողովրդին այնպես են վախեցրել, որ ժողովուրդը կարծում է, թե մենք ընդունակ չենք կռվելու: Ես չեմ ասում՝ մենք հարձակվենք Ադրբեջանի վրա, բայց մենք պարտավոր ենք մեզ պաշտպանել: Եթե չեք կարողանում ձեզ պաշտպանել, ուրեմն՝ պարզ է, որ այս ռեգիոնում դուք չեք կարող ապրել»: Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում