Հունվարի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ հատվածում գտնվող կարգավորվող գծանցումում Երեւան-Երասխ ուղեւորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղեւորներից:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ոստան գյուղում գտնվող գծանցումում` նույն գյուղի բնակիչ Ռուստամ Ա.-ի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատճառով: Վարելով «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան, նա շրջանցել է արդեն իջեցված ուղեփակոցը եւ արդյունքում բախվել է էլեկտրագնացքի: Վարորդը չի տուժել:


2020 թվականին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում եւ անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց: Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23 դեպքից նվազել է մինչեւ 12 դեպք:

ՀԿԵ-ն կրկին հորդորում է վարորդներին լինել զգոն՝ երկաթուղային գծերը հատելիս եւ խստորեն պահպանել երթեւեկության կանոնները՝ առողջությունը, կյանքը եւ ունեցվածքը պահպանելու համար: